Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Վանաձորի բժշկական կենտրոնի» ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի և կհագեցվի նորագույն ժամանակակից, արդի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով
22.12.2022
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի և «Ազնավուր հիմնադրամի» օժանդակությամբ Լոռու մարզի «Վանաձորի բժշկական կենտրոնի» ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի և կհագեցվի նորագույն ժամանակակից, արդի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի և «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի միջև առողջապահության նախարարությունում կնքվել է համագործակցության հուշագիր: Արարողությանը ներկա են գտնվել և նման նշանակալի և կարևոր աջակցության համար իրենց երախտագիտությունն են հայտնել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի ԲԿ տնօրեն Վահագն Մկրտչյանը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել լաբորատոր և ախտորոշիչ յոթ սարք:
Արդյունքում` մարզային բժշկական կենտրոնում հնարավոր կլինի իրականացնել հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտություններ: Ծրագրի իրականացումը կնպաստի մարզում վիրաբուժության, օնկովիրաբուժության և էնդոսկոպիկ վիրաբուժության զարգացմանը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում կարևորել է առողջապահական ծրագրերի իրականացման գործում՝ պետություն֊ մասնավոր հատված գործակցությունը։