Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնն ամփոփեց տարեկան գործունեությունը
20.12.2022
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն և «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը կազմակերպել էին «Մենք տարբեր ենք, բայց հավասար» խորագիրը կրող տարեվերջյան միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին կազմակերպության և կենտրոնի՝ 2022 թվականին գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները։
Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, ՀԿ-ի շահառուները, գործընկերներն ու բարեկամները:
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Ասլանյանն իր խոսքում նշեց, որ արդեն մեկ տարի է, ինչ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում ստեղծված Լոռու մարզի առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը լայնածավալ աջակցություն է ցուցաբերում տեղի հաշմանդամություն ունեցող անձանց։ Կենտրոնն այս ընթացքում բազմաբնույթ ծառայություններ է մատուցել ավելի քան 500 անձի։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ներկաներին ողջունեց Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, նա շնորհակալություն հայտնեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ին՝ ակտիվ գործունեության և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում ամենատարբեր գաղափարներով հետաքրքիր և արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար:
Միջոցառման ընթացքում շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀԿ-ի գործունեությանն օժանդակող և համատեղ ջանքերով մի շարք նախագծեր իրականացնող անձինք:
Կազմակերպության և «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության և մշտական աջակցության համար շնորհակալագրով պարգևատրվեց նաև Վալերի Ջաղինյանը:
Միջոցառման ավարտին ներկաները միասին խաղացին «Բոչիա» ներառական խաղը ։