Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիսավորությամբ բացվեց «Լիարժեք կյանք» ՀԿ-ի նոր շենքը
19.12.2022
25-ամյա պատմություն ունեցող «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը տարեմուտին իրականացրեց իր վաղեմի երազանքը: Հանդիսավորությամբ բացվեց «Ստեփանավանի հավասար հնարավորությունների և ներառականության խթանման համայնքային կենտրոնի» նոր շենքը, որը ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Լիարժեք կյանք» ՀԿ֊ին՝ Ստեփանավանի համայնքային կենտրոն ստեղծելու նպատակով:
Կենտրոնի շահագործման համար անհրաժեշտ ամրացման ու հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Անտվերպենի հայ կանանց միության ֆինանսական օժանդակությամբ: Կենտրոնի վերանորոգման և վերազինման աշխատանքներում իրենց աջակցություն են ցուցաբերել նաև «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, անհատներ և կամավորներ:
Միջոցառմանը ներկա էին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դիվանագիտական կառույցների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կազմակերպության շահառուներ, գործընկերներ ու բարեկամներ:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ներկաներին շնորհավորեց Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը՝ ներառական համայնքային կենտրոնին մաղթելով նորանոր ծրագրեր և ձեռքբերումներով լի ակտիվ գործունեություն:
Նոր և ընդարձակ կենտրոնը հնարավորություն կտա ընդլայնելու մատուցվող ծառայությունների շրջանակը՝ Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների տարեկան ավելի քան 250 շահառուներին մատուցելով էլ ավելի որակյալ և կարիքահեն ծառայություններ։
Կենտրոնում ներկայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և պատվիրակմամբ իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ֊վերականգնողական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագիրը: