Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքը համակարգող խումբը գումարել է առաջին նիստը

13.12.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ ստեղծվել է «ՀՀ Լոռու մարզի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքը համակարգող աշխատանքային խումբ», որը կղեկավարի Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Խմբում ընդգրկված են Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պաշտոնյաներ, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի, ՄՍԾ և ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:
Աշխատանքային խումբն այսօր գումարել է առաջին նիստը:
Հ. Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, նախ ներկայացրել է խմբի կազմը, ստեղծման նպատակը և առկա խնդիրների շրջանակները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ ծավալվեն:
Բանն այն է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք շատ դեպքերում խուսափում են դիմել հոգեկան առողջության կենտրոններ կամ այցելել առանձին հոգեբուժական կաբինետներ: Արդյունքում մարդիկ իրենց խնդիրներով դիմում են ոչ բժիշկ-հոգեբույժների, ոչ բժիշկ-մասնագետների, կամ զբաղվում են ինքնաբուժությամբ, ինչը բարձրացնում է հոգեկան առողջության խնդիրների քրոնիկ ընթացքի ռիսկը: Իր հերթին ցածր դիմելիության փաստը թույլ չի տալիս ստանալ հոգեկան խանգարումների տարածվածության իրական պատկերը, հետևաբար աշխատանքային խմբի կարևոր գործառույթներից մեկը կլինի այն, որ, տարբեր շահագրգիռ կառույցների ներգրավմամբ, բնակիչների հետ կիրականացվեն խորհրդատվական աշխատանքներ, նաև նրանց ընտանիքի անդամների հետ՝ վարքային փոփոխություններ ձևավորելու նպատակով: Կարևոր կլինի նաև հանրության լայն իրազեկումը, ինչը կհանգեցնի համայնքի բնակիչների վարքագծային փոփոխությունների և հարգալից վերաբերմունքի ձևավորման:
Ներկայացվել է նաև ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը», որի համաձայն նախատեսվում է ստեղծվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության նվազագույնը մեկական խումբ բոլոր մարզերում: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Մարիետա Թեմուրյանը ներկայացրել է գրասենյակի կողմից կազմված «Համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակներում պետության կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության» քաղաքականության մշակման փաստաթուղթը:
Ծավալվել է ակտիվ քննարկում:
Փոխմարզպետի հանձնարարությամբ մեկշաբաթյան ժամկետում ներկաները խմբի գործունեության հետ կապված հանդես կգան առաջարկություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38