Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Պատանի երաժիշտ-կատարողների և ստեղծագործողների մրցույթ-փառատոնը»
09.12.2022
Դեկտեմբերի 8-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում «Պետական Աջակցություն Մշակութային Միջոցառումներին» ծրագրի շրջանակներում անցկացվեց ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից կազմակերպված «Պատանի երաժիշտ-կատարողների և ստեղծագործողների մրցույթ-փառատոնը», որին մասնակցում էին մարզի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող երաժիշտ-կատարողները: Միջոցառման մասնակիցներին իր և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ողջունեց փոխմարզպետ Գոռ Ասրյանը ու, քանի որ օրը համընկնում էր Երգչախմբային արվեստի միջազգային օրվա հետ, նաև երախտագիտության խոսքեր հնչեցրեց և Լոռու մարզում երգչախմբային արվեստի պահպանման, զարգացման գործում ունեցած գնահատելի ավանդի, բարեխիղճ, անձնվեր աշխատանքի համար, Երգչախմբային արվեստի միջազգային օրվա կապակցությամբ մարզպետի շնորհակալագրերով պարգևատրեց Վանաձորի Տ. Չուխաջյանի անվան արվեստի դպրոցի երգչախմբի խմբավար Լաուրա Ափոյանին, Գ. Հախինյանի անվան երաժշտական դպրոցի և «Հայորդաց տան» երգչախմբերի խմբավար Աննա Իսրայելյանին, ՎՊՀ Արվեստի և սպորտի ամբիոնի պրոֆեսոր, «Բիայնա» երգչախմբի խմբավար Սերգեյ Հարությունյանին, Կոմիտասի անվան արվեստի դպրոցի երգչախմբի խմբավար Արմենուհի Ներկարարյանին:
Մրցույթ-փառատոնի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան երաժիշտ-կատարողներ և ստեղծագործողներ: Նրանց գնահատում էր ներկայացուցչական ժյուրին: Արդյունքների ամփոփումից հետո գերազանց մասնակցության պատվոգրերի արժանացան.
Ալավերդու Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտ Դավիթ Աղայանը, Ստեփանավանի Ա. Ղարիբյանի անվան արվեստի դպրոցի աշակերտ Վովա Սուքիասյանը, Ախթալայի արվեստի դպրոցի աշակերտ Գոհար Թարվերդյանը (դաշնամուր),
Վանաձորի Տ. Չուխաջյանի անվան արվեստի դպրոց Մերի Դավթյանը (փողային գործիք),
«Տարոն» համույթը՝ Վանաձորի «Լոռվա դհոլահարներ», Ախթալայի արվեստի դպրոցի աշակերտ Էլեն Բեգջանյանը (ազգային նվագարաններ):
Ըստ անվանակարգերի պատվոգրեր հանձնվեցին նաև լավագույն և ակտիվ մասնակցության համար: