Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման գործընթացը
08.12.2022
Կառավարության համապատասխան որոշմամբ՝ 2022 թվականի նոյեմբերից գործարկվել է խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման գործընթացը՝ ըստ գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության տվյալների:
Համարակալման գործընթացի մեկնարկը տրվել է նաև Լոռու մարզում։ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, Սննդի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները գործընթացի մեկնարկին մասնակցել են Վանաձորի Խնձորուտ թաղամասում՝ տնտեսվարող Ռոբերտ Աքուլյանի ֆերմայում։ Շուրջ 50 տարի անասնապահությամբ զբաղվող գյուղատնտեսը 40 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ունի։ Ասում է՝ շատ կարևոր է կատարել օրենքի պահանջը։
Տարեսկզբին Լոռու մարզում գրանցված է եղել շուրջ 77․000 խոշոր եղջերավոր կենդանի։ Պատասխանատուները վստահ են՝ գործընթացի ավարտին ավելի իրատեսական պատկեր կունենան:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը նշում է, որ համարակալումը հնարավորություն կտա ավելի հստակ իմանալու մարզում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, իրականացված պատվաստումներն ու հիվանդությունները, ինչն էլ կնպաստի սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Ծրագրի շրջանակներում տնտեսվարողները հարկային պարտավորություն չեն ունենալու, ծախսերն իրականացվում են պետական միջոցներով։
Գործընթացն իրականացվում է ՀՀ էկոնոմիակայի նախարարության նախաձեռնությամբ և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Համակարգի ներդրմանն աջակցում է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» CARD հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։