Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր համայն հայությունը կրկին սգում է և խնկարկում Սպիտակի ահեղ երկրաշարժին զոհ գնացած անմեղ մարդկանց հիշատակը

07.12.2022

1988 թվականի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ միասին Սպիտակ այցելեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման:
Սպիտակում 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին: Ծաղիկներ խոնարհվեցին նաև կողք կողքի տեղադրված Ճապոնիայի ահեղ ցունամիի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին. անմեղ մարդկանց կորստի վիշտը ծանր է բոլոր ազգերի ու ժողովուրդների համար:
Նախարարներ Գնել Սանոսյանը և Արմեն Փամբուխչյանը ցավակցական և ոգեկոչման խոսքեր հնչեցրեցին:
Դեսպան Ֆուկուշիման նշեց, որ իրենք հայ ժողովրդի կողքին են եղել թե՛ աղետի օրերին և թե՛ հետագա տարիներին՝ օգնելով մեղմել վիշտը, հաղթահարել դժվարություններն ու շնորհակալ են նաև հայ ժողովրդին ճապոնացիների համար ծանր օրերին իրենց կողքին լինելու համար:
Այցելություն կատարվեց նաև Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ:
Պաշտոնյաները եղան նաև Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում, որտեղ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ՝ նախագահությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, նույնպես կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի:
Մարզի ղեկավարը լրագրողների հետ զրույցում իր ցավակցական խոս քն ուղղեց բոլոր այն ընտանքիներին, ովքեր կորուստներ են ունեցել.
- 1988-ի դեկտեմբերի 7-ը մեծ ողբերգություն էր հայ ժողովրդի համար, սակայն հայը չի հուսահատվել, այլ կրկին շտկել է մեջքն ու վերածնվել: Մեզ օգնության շտապեցին աշխարհի գրեթե բոլոր ծայրերից՝ աղետի գոտին վերածելով համամարդկային գթասրտության օջախի։ Այսօր մեր շնորհակալության անկեղծ ու ջերմ խոսքն ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին, օգնում և սատարում էին,-ասաց Ա. Խաչատրյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38