Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Կամավորների միջազգային օրվա առթիվ
05.12.2022
Այսօր նշվում է Կամավորների միջազգային օրը, ինչի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր երբևէ, որևէ առիթով, հնարավորություն են ունեցել անշահախնդիր կերպով, հենց այնպես, առանց որևէ ակնկալիքի, օգտակար լինել, օգնել բոլոր կարիք ունեցողներին, օգտակար լինել Հայրենիքին: Այդպիսիք, վստահ եմ, մեր շարքերում շատ-շատ են: Կամավոր լինելն, իսկապես, պատվաբեր է և հասու միայն մեծահոգի ու բարի մարդկանց:
Սիրելի՛ կամավորներ, շնորհավորում եմ ձեզ օրվա կապակցությամբ և մաղթում, որ ձեր կամքն անկոտրում լինի, բազուկն՝ ամուր, հնարավորություններն՝ անսպառ, որպեսզի կարողանաք բազմաթիվ լավ գործեր կատարել, օգտակար լինել շատ-շատերին:
Կամավորական ներուժի հզորությունը մենք՝ հայերս, մեր մաշկի վրա ենք զգացել 1988-ի երկրաշարժից հետո, երբ առավել կարևորվեց ու նշանավորվեց այս ինստիտուտի դերակատարությունը, այն է՝ քո օգնության, կարեկից սրտի ու հարեհաս ձեռքի ջերմությունն զգալ անշահախնդիր կերպով՝ հաշվի չառնելով ազգային պատկանելություն, կրոն, դավանանք, սեռ, հաշվի չառնելով ոչինչ, այլ միայն ունենալով օգնության կարիք ունեցողին, փորձանքի մեջ հայտնվածին աջակցելու ցանկություն:
Հետագա տարիներին այս ինստիտուտը մեր երկրում, մեր մարզում՝ գնալով ավելի խոր արմատներ գցեց և իսկապես կայացավ՝ շնորհիվ նաև հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչների:
Այսօր վստահաբար կարող ենք փաստել. այս ինստիտուտը մեր երկրում այլևս կայացած է:
Հիշենք 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո բազմաթիվ ինքնաբուխ խմբերի գործունեությունը, սեպտեմբերի 13-ին՝ դարձյալ թշնամի պետության կողմից սանձազերծված ռազմական գործողություններից անմիջապես հետո ձևավորված կամավորական խմբերի ու անհատների գործունեությունը:
Հիշե՛նք մեր հասարակական կազմակերպությունների կողմից բազմաթիվ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների նկատմամբ ցուցաբերվող հոգատարությունն ու օգնությունը:
Թվարկել պարզապես անհնար է այն ամենն, ինչ անում են մեր կամավորները:
Մեր բոլորի խոսքն ուղղված նրանց մեկն է՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Խաղաղություն ու փոխադարձ բարություն ձեզ և ձեր ընտանիքներին: