Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պուշկինոյի դպրոցը կառավարության կողմից 10 համակարգիչ նվեր ստացավ
02.12.2022
Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել էր Լոռու մարզի Պուշկինո բնակավայրի հիմնական դպրոց: Ծանոթացել էր դպրոցի պայմաններին, զրուցել կոլետիվի հետ և ի թիվս այլ խնդիրների՝ արձանագրել, որ դպրոցը համակարգիչների կարիք ունի: Կառավարության ղեկավարը խոստացել էր աջակցել դպրոցին այդ հարցում:
Այսօր արդեն կառավարության և մարզպետարանի ներկայացուցիչները խոստացված համակարգիչները հանձնեցին դպրոցին:
- Ավելի լավ միջավայրում կրթություն ապահովելու նպատակով՝ կառավարությունը նոր համակարգիչներով է համալրել ձեր դպրոցը, բարով վայելեք, և օլիմպիադաներում թող փայլեն ձեր աշակերտները,- ուսուցիչներին ուղղված իր խոսքում ասաց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը՝ հավելելով, որ հատկապես գյուղական դպրոցների խնդիրները մշտապես կառավարության և մարզպետի ուշադրության կենտրոնում են:
Պուշկինոյի հիմնական դպրոցի տնօրեն Նարեկ Նազարյանը նշեց, որ դպրոցում սովորում է 45 աշակերտ: Նրա հավաստմամբ՝ դպրոցի աշակերտներից շատերն են հետաքրքրված նորագույն տեխնոլոգիաներով:
Ստացված համակարգիչներից 5-ը տեղադրվեցին ինֆորմատիկայի դասասենյակում, 5-ը՝ Արմաթ լաբորատորիայում:
- Վարչապետի այցը հաճելի և օգտակար անակնկալ էր մեզ համար, - ասացին Պուշկինոյի դպրոցի աշակերտները: