Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվել է Թումանյան համայնքի խոշորացման գործընթացի սոցիալ-ժողովրդագրական և ֆինանսատնտեսական վերլուծությունը

14.11.2022

«Տնտեսական լրագրողների ակումբի» և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ «Կոմպասս հետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է Հայաստանի հյուսիսային մարզերի Ամասիա և Թումանյան համայնքների խոշորացման գործընթացի սոցիալ-ժողովրդագրական և ֆինանսատնտեսական վերլուծություն ու գնահատում։
Հաշվի առնելով այս գործընթացի ազդեցությունը երկրի տարածքային, տնտեսական և ժողովրդագրական զարգացումների վրա՝ կազմակերպվել էր կլոր սեղան՝ քննարկելու հետազոտության արդյունքում բացահայտված դրական և բացասական կողմերը։ Միջոցառմանը մասնակցել են նաև երկու մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։
Քննարկումը վարել է «Տնտեսական լրագրողների ակումբի» նախագահ Աննա Բաղդասարյանը:
Ներկաներին ողջունել է Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Նա իր խոսքում կարևորել է նման ձևաչափով հանդիպում- քննարկման կազմակեպումը և Թումանյան ու Ամասիա խոշորացված համայնքների խոշորացման գործընթացի սոցիալ-ժողովրդագրական և ֆինանսատնտեսական վերլուծությունը՝ որպես հնարավորություն առկա խնդիրների բացահայտման և լուծման:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը:
Հետազոտության նպատակները, խնդիրները, թիմի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև ֆինանսաբյուջետային վերլուծության արդյունքները ներկայացրել է «Կոմպասս հետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ, հետազոտական թիմի ղեկավար Ղարիբ Հարությունյանը, հետազոտության սոցիալ-ժողովրդագրական վերլուծության արդյունքները՝ ժողովրդագրագետ, հետազոտող Արտաշես Բոյաջյանը:
Հետազոտությունների արդյունքում կատարված վերլուծությունների շրջանակներում կարևորվել են գյուղատնտեսական տեխնիկայի և այլ սարքավորումների ձեռքբերման, ենթակառուցվածքների բարելավման աջակցության միջոցառումները: Արդյունքները վկայել են, որ համայնքների խոշորացումից հետո համեմատաբար բարելավվել է ներհամայնքային կամ միջհամայնքային ճանապարհների վիճակը: Դիտարկումները վկայել են, որ խոշորացման գործընթացից հետո Թումանյան և Ամասիա համայնքներում իրականացվել են ճանապարհների բարեկարգման մեծածավալ աշխատանքներ, համեմատաբար բարելավվել է աղբահանության և լուսավորության ապահովման ծառայությունների որակը:
Համայնքների խոշորացումը որևէ էական ազդեցություն չի ունեցել, սակայն, խոշորացված համայնքների ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական միգրացիայի դրական փոփոխությունների վրա, ինչպես նաև էականորեն չի ազդել բնակչության ժողովրդագրական ցուցանիշների փոփոխության վրա:
Կատարված վերլուծության մեջ տեղ գտած մի շարք խնդիրների մասով՝ մասնավորապես ենթակառուցվածքների բարելավման, ջրագծերի, ոռոգման համակարգերի, ճանապարհաշինական ծրագրերի, փոխմարզպետը նշել է, որ 2019թ.-ից մեկնարկած սուբվենցիոն ծրագրերով, որոնք իրականացվում են պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ պետության ֆինանսավորման առյուծի բաժնով, մեծ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես՝ ջրագծերի, ոռոգման համակարգերի բարելավմանը, և առաջիկա մի քանի տարիների ընթացքում դրանք ամբողջությամբ լուծված կլինեն: Հանրային լսումներին մասնակցելու առումով նաև կարևորել է մասնակցային կառավարման դերի բարձրացումը՝ նշելով, որ բնակչության պասսիվության մեջ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Նա պատասխանել է նաև մի շարք հարցերի:
Բարձրացված հարցերի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի, Ամասիա և Թումանյան համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53