Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի Կաթնառատ և Ծաթեր բնակավայրերում բացվեցին նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայության կենտրոններ
11.11.2022
Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Կաթնառատ և Ալավերդի խոշորացված համայնքի Ծաթեր բնակավայրերում տեղի ունեցան նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների բացման արարողություններ:
Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Քայլ առ քայլ» կրթական ծրագրի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետեր, գործընկերներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր:
Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել են ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Լոռու մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ:
Մանկապարտեզների բացման առիթով ներկաներին ողջունեց և շնորհավորեց Հ. Ավետիսյանը.
- Նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում մեծ նշանակություն ունի, շատ կարևոր է, թե երեխան ինչ միջավայրում է մեծանում և դաստիարակվում, քանզի նախադպրոցական կրթություն ստացած երեխաները կրթական նոր միջավայրում ավելի լավ են ընկալելում նոր գիտելիքները և լիարժեք պատրաստ են դպրոցական կյանքին: Մարզպետ Արամ Խաչատրյանի և իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպություններին և անհատներին ծրագիրը նախաձեռնելու և բարձր մակարդակով կյանքի կոչելու համար: Լոռու մարզպետարանը կշարունակի աջակցել կրթական ողջունելի նախաձեռնություններին,- մասնավորապես ասաց Հ. Ավետիսյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներակայացուցիչն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը փոքր համայնքների համար մշակել է մանկապարտեզի այլընտրանքային մոդել՝ կարևորելով երեխաների կենտրոն հաճախելու անհրաժեշտությունը:
Կաթնառատ և Ծաթեր բնակավայրերում նորոգման և կահավորման աշխատանքներ են իրականացվել, և այս հաստատություններից յուրաքանչյուրը պատրաստ է ընդունելու մինչև 3-6 տարեկան շուրջ 25 երեխաների։ Կենտրոնները նաև կահավորվել են, հագեցվել խաղերով, դիդակտիկ նյութերով և գրականությամբ: Այստեղ աշխատելու են գյուղում ապրող կանայք և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ շարունակական վերապատրաստումներ անցնելու շնորհիվ՝ զարգացնելու են իրենց մասնագիտական կարողությունները:
Ծրագիրը համահունչ է նաև Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025 թթ.-ի համագործակցության ծրագրին և բխում է 2021-2026թթ.-ի պետական զարգացման ծրագրի կրթական նպատակներից:
Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակներում մանկապարտեզներ են բացվել Անտառամուտ, Գեղասար, Շամուտ, Ահնիձոր, Մարց, Ջիլիզա, Սարատովկա, Քարկոպ բնակավայրերում: