Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ցավակցական խոսքը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ
31.10.2022
Ցավով տեղեկացա սիրելի Վարպետի՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի անժամանակ մահվան մասին: Շա՜տ ափսոս, որքա՜ն կիսատ գործեր մնացին, ի՜նչ անփոխարինելի արվեստագետ, բեմարվեստի արքա ու մտավորական կորցրեց հայոց թատերարվեստը:
Սիրելի՛ Վարպետի շուրջ 100-ի հասնող բեմադրությունները տասնամյակներ շարունակ գերել են ոչ միայն հայ հանդիսատեսի սրտերը, այլև փայլել աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում: Ուրույն ձեռագիր ուներ Վահե Շահվերդյանը, նրա արվեստը շատ տարբերվող էր, միայն իրեն հատուկ՝ Վահե Շահվերդյանական: Նա իր նրբանկատությամբ կարողանում էր հարթել ցանկացած հակասություն, համախմբել տարբեր բնավորությունների ու խառնվածքների տեր արտիստներին, իրականացնել սահուն սերնդափոխություն: Նա հեշտությամբ էր կարողանում բացահայտել նորանոր տաղանդավոր արտիստ-արտիստուհիներին, թև տալիս, ոգևորում, ընձեռում ազատ ճախրելու, ինքնադրսևորվելու հնարավորություն:
Սիրելի՛ Վարպետ, Ձեր հիշատակը միշտ վառ կմնա բոլոր թատերասերների, Ձեր արվեստը գնահատողների սրտերում:
Խոր վշտով ցավակցում եմ ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին ու բարեկամներին, ընկերներին, արվեստասեր հասարակությանը: