Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ես օրինապահ եմ». ամփոփվեց ենթածրագրի երկրորդ փուլը
28.10.2022
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վանաձորի «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կողմից Վանաձորի թիվ 1, 15, 16, 20, 23, 25, 26, 27 և 28 դպրոցների հետ համագործակցությամբ անցկացվել է «Ես օրինապաh եմ» ենթածրագրի երկրորդ փուլը, որի արդյունքներն ամփոփվեցին Լոռու մարզպետարանի դահլիճում կազմակերպված հանդիպման ընթացքում:
Բացման խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, ով նման նախաձեռնության իրականացումը դպրոցներում ողջունեց նաև մարզպետ Արամ Խաչատրյանի անունից՝ նշելով, որ շատ կարևոր է դեռ մանկահասակ տարիքից երեխաների մոտ սերմանել իրավապահ լինելու գաղափարը, ինչը երկրի զարգացման կարևոր գրավականներից մեկն է:
Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի ավագ մասնագետ Նաիրա Բարիկյանը, ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի անչափահասների գործերով բաժնի պետ Արման Ֆնդկյանը:
Կենտրոնի մասնագիտական թիմի կողմից մասնակից դպրոցների աշակերտների համար կազմակերպվել էին վերապատրաստման դասընթացներ՝ 5 թեմաներով` առաջնորդություն, թիմում աշխատելու կարողություն, կազմակերպչական հմտությունների զարգացում, երեխաների իրավունքների և պարտականությունների մասին իրազեկում:
Յուրաքանչյուր նախաձեռնող խումբ իր դպրոցում ստեղծել է «Ես օրինապահ եմ» խորագրով տեղեկատվական անկյուն:
Ծրագրի մասնակիցները ստացան շնորհակալագրեր և հուշանվերներ: Դպրոցները հանդես եկան ելույթով և ամփոփիչ խոսքով:
Առաջիկայում նախատեսվում է իրականացնել ենթածրագրի երրորդ փուլը: