Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել է Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին

28.10.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է պաշտոնական այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, խորհրդական Տիգրան Հովսեփյանը,Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզպետ Արամ Խաչատրյանը ողջունել է դեսպանի այցը Լոռու մարզ:
-Հարգելի պարոն դեսպան, մեզ համար շատ կարևոր է հայ-չինական դարավոր բարեկամությունը և բազմաոլորտ համագործակցությունը: Ինչպես գիտեք, դեռևս 2011թ.-ին ՀՀ Լոռու մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի միջև ստորագրվել է բարեկամական կապերի վերաբերյալ հուշագիր և առևտրատնտեսական համագործակության մասին արձանագրություն: Վանաձոր համայնքն իր հերթին բարեկամական կապեր ունի Ցյուիչ Ժոու քաղաքի հետ: Այս տարիների ընթացքում երկու ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության վաղեմի ավանդույթը ամուր հիմք է հանդիսացել փոխըմբռնման, քաղաքական փոխգործակցության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար, օգնել հաղթահարելու բազմաթիվ փորձություններ,-ասել է մարզի ղեկավարը և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ հմայված է մարզի և Վանաձորի գեղեցկությամբ: Նա իր խոսքում ևս կարևորել է հայ-չինական դարավոր բարեկամությունը, որը հազարամյակների պատմություն ունի.
-Թեև մեր պետությունների դիվանագիտական հարաբերությունները 30 տարվա պատմություն ունեն, և այդ հոբելյանը մենք նշում ենք այս տարի, բայց մեր երկրները և ժողովուրդները հազարամյակների բարեկամությամբ են կապված: Մենք համագործակցում ենք առևտրաարդյունաբերության, զբոսաշրջության, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում և մեծ ցանկություն ունենք ընդլայնելու համագործակցությունը: Մենք գիտակցում ենք, որ այժմ Հայաստանը գտնվում է դժվարին իրավիճակում: Այսպիսի դժվարին դրության մեջ է եղել նաև Չինաստանը, բայց կարողացել է հաղթահարել և մեծ զարգացում ապրել: Մենք վստահ ենք, որ Հայաստանը նույնպես կկարողանա միասնականության շնորհիվ հաղթահարել ցանկացած դժվարություն և առաջ շարժվել: Չինաստանի ժողովրդական հանրապետությունը պատրաստ է աջակցելու, օգնելու բարեկամ ժողովրդին՝ զարգանալու սեփական երկրի առանձնահատկություններին համապատասխան: Մենք միշտ Հայաստանի կողքին ենք,-ասել է դեսպանը:
Կողմերը մասնավորապես անդրադարձել են առևտրաարդյունաբերության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցությունն առավել սերտացնելու անհրաժեշտությանը, մասնավորապես կարևորվել է զբոսաշրջային խմբերի ուղղորդումը, կրթական տարբեր ծրագրերի շրջանակներում ուսանողների և աշակերտների փոխանակումը և այլն:
Նրանք նաև հուշանվերներ են փոխանակել:
.Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի, մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնգը Լոռու մարզ այցի շրջանակներում եղել է Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում, որտեղ նրանց դիմավորել են Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը և Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Կարինե Գլոյանը:
Կ. Գլոյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի գործունեությանը, երեխաների ձեռքի աշխատանքներին: Նա տեղեկացրել է, որ 1984թ.-ից հանդիսանում է մասնաճյուղի հիմնադիր-տնօրենը, և այս տարիների ընթացքում բազմաթիվ երեխաներ են կրթվել ու դաստիարակվել այս մշակութային հյուրընկալ հարկի տակ: Այստեղ ներկայում հաճախում է 6-17 տարեկան շուրջ 300 երեխա: Դասավանդում են գեղանկարչություն, գորգագործություն, կարպետագործություն, ապլիկացիա, տիկնիկագործություն և այլն: Դեսպանն առանձնակի հիացմունք է հայտնել հայկական ասեղնագործության և կարպետագործության վերաբերյալ: Կ. Գլոյանը կենտրոնի սաների անունից սիրով փոքրիկ կարպետ և լոռվա տարազով տիկնիկ է նվիրել պարոն Ֆան Յոնգին՝ խոստանալով առաջիկայում չինական մոտիվներով ցուցադրություն կազմակերպել և հրավիրել պարոն դեսպանին: Վերջինս նույնպես հուշանվերներ է հանձնել կենտրոնին:
Այցի հաջորդ կանգառը Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոց էր: Այստեղ այս տարվա ապրիլից մի խումբ աշակերտներ առցանց կերպով սովորում են չինարեն լեզու և տնօրեն Անիկ Ղռատյանը ցանկություն ունի ընդլայնելու խմբակի գործունեությունը, քանի որ ցանկացողները շատ են:
Դպրոցում ևս հյուրերը ջերմ հյուրընկալության են արժանացել: Ուսուցիչների և երեխաների ջանքերով փոքրիկ ցերեկույթ էր կազմակերպվել՝ նվիրված հայ-չինական բարեկամությանը: Երեխաները հանդես են եկել հայկական և չինական պարերի կատարմամբ, ասմունքով, երգերով: Ներկայացրել են Չինաստանի պատմությունը, ավանդույթները: Դեսպանը դարձյալ ձեռնունայն չէր եկել դպրոց: Այստեղ ևս նվերներ են փոխանակել:


.Ֆան Յոնգի Լոռու մարզ այցի հաջորդ կանգառը եղել է Վանաձորում գործող «Չինվան» ընկերություն և Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի և մարզպետարանի պաշտոնյաների հետ դեսպանն այցելել է «Չինվան» ընկերություն։ Հյուրերին ներկայացվել է, որ «Չինվան» ՍՊԸ-ն ստեղծվել է 2001 թ. Վանաձորում: Ընկերությունը գործունեության սկզբում Չինաստանից ներկրել է գյուղատնտեսական մինի-տրակտորներ և նրանց կցորդիչ սարքավորումներ ու մատակարարել է հանրապետության գյուղատնտեսությանը: Ներկայում զբաղվում է տարբեր հզորության գյուղատնտեսական մինի-տրակտորների հավաքմամբ, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ, գյուղսարքավորումների շահագործմամբ: Այժմ համագործակցում են չինական երկու խոշոր ընկերությունների հետ։ Ընկերության սեփականատերը նշել է, որ հանրապետությունում հատկապես մեծ է տրակտորների պահանջարկը, մինչ այժմ վաճառել են շուրջ 1500 տրակտոր։ «Չինվան» ՍՊԸ-ն ունի սեփական արտադրական մեծ հզորություններ, ապահովված է բոլոր տիպի մեքենասարքավորումներով:
Պաշտոնատար այրերն այցելել են նաև Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ նրանց ներկայացվել է մեծն Թումանյանի կյանքն ու ստեղծագործական ուղին:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22