Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն այցելել է «ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» ռազմահայրենասիրական ՀԿ, հետևել պարապմունքների ընթացքին

26.10.2022


Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը երեկ՝ ուշ երեկոյան, այցելել է «ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» ռազմահայրենասիրական ՀԿ՝ իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով: Կազմակերպության համահիմնադիր Լիպարիտ Դալլաքյանը մարզի ղեկավարին տեղեկացրել է, որ կազմակերպությունն իրականացնում է ռազմական պատրաստության եռամսյա, ինչպես նաև արագացված դասընթացներ:
Դասընթացներն անվճար են և նախատեսված են 16-ից բարձր տարիքի քաղաքացիների համար։ Այս պահին դասընթացին մասնակցում են տարբեր տարիքային խմբերի և մասնագիտությունների տեր շուրջ 50 իգական և արական սեռի ներկայացուցիչներ:
Կազմակերպությունը հիմնադրվել է 2021թ. հունիսին, մինչ օրս դասընթացներին մասնակցել է ավելի քան 200 քաղաքացի: Պարապմունքները շաբաթական 4 օր են անցկացվում.երեք օրը՝ դասընթացային, մեկ օրը՝ արշավային:
Ծրագրում ներառված են հետևյալ առարկաները՝ մեդիագրագիտություն, քաղպաշտպանություն, ռազմական հոգեբանություն, քարտեզագրություն, տեղագրություն, գոյապայքար, առաջին օգնություն, ալպինիզմի հիմունքներ, մարտավարություն(ծանոթություն զենքի հետ, կրակային պատրաստություն, մարտավարության վարժանքներ, ինժեներական կառույցների պատրաստում և այլն):
-ՈՄԱ-ի գաղափարախոսությունն իր անվան մեջ է՝ ողջ մնալու արվեստը. ցանկացած իրավիճակում մարդիկ պետք է գնահատեն Աստծո կողմից իրենց տրված պարգևը՝ կյանքը,-ասել է Լ. Դալլաքյանը:
Մարզի ղեկավարի այցի ընթացքում իրականացվում էին և՛ լսարանային, և՛ գործնական դասընթացներ: Մասնակիցները նշել են, որ պարապմունքներին մասնակցում են մեծ սիրով և անհրաժեշտության դեպքում սեփական անձը պաշտպանելու ու շրջապատի մարդկանց օգտակար լինելու բարձր պատրաստակամությամբ:
Ա. Խաչատրյանն իր խոսքում ողջունել է ընկերության գործունեությունը և կարևորել ցանկացած քաղաքացու ֆիզիկական, կրակային պատրաստվածությունը, ինչպես նաև առաջին օգնության հիմունքներին տիրապետելը, ինչն իրապես ցանկացած իրավիճակում ողջ մնալու գրավական է: Մարզպետը կազմակերպությանը գիշերային տեսադիտողական սարք է նվիրել և խոստացել. պատրաստ է մշտապես աջակցելու առկա հնարավորությունների սահմաններում:
-Որպես 15 տարվա զինվորական ծառայության փորձ ունեցող գործիչ՝ եկել էի գոտեպնդելու և ոգևորելու ձեզ, բայց, տեսնելով ձեր պատրաստվածության բարձր մակարդակը, ես ինքս է՛լ ավելի ոգևորվեցի: Շատ կարևոր է, որ այստեղ բարոյահոգեբանական մթնոլորտը ևս շատ բարձր մակարդակի վրա է: Գտնվելով բարդ ժամանակահատվածում՝ իրապես անհրաժեշտ է ցանկացած իրավիճակում՝ լինի ռազմական գործողություն, աղետ, թե՝ այլ արտակարգ իրավիճակ, արագ կողմնորոշվելու, պաշտպանվելու և դիմացինին օգնելու կարողությունը: Հույս ունեմ՝ շատերը կոգևորվեն և կհամալրեն ձեր շարքերը,-ասել է մարզպետը՝ խոստանալով ավելի հաճախ այցելել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38