Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» հերթական հանդիպում-քննարկումը

24.10.2022

Այսօր Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» հերթական հանդիպում-քննարկումը: Այն վարում էր Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը:
Վերջինս, ողջունելով խմբի անդամներին, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց հասարակական կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչներին սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված ընտանիքներին և զինծառայողներին ցուցաբերված աջակցության համար: Այս համատեքստում Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը ներկայացրեց Լոռու մարզպետարանի և մարզի համայնքապետարանների կողմից տեղահանված ընտանիքներին ուղղված աշխատանքները՝ նաև իրազեկելով, որ ռազմական գործողություններից անմիջապես հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկվել է էլեկտրոնային հարթակ (https://bit.ly/3UaEnxc), որը բավականին արդյունավետ գործիք է եղել ընտանիքների կարիքների գնահատման ու նրանց ցուցաբերված հասցեական աջակցության առումով:
Մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների և կամավորագրված անձանց, զինհաշմանդամների, զոհված(մահացած), անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքների, սոցիալական երաշխիքների և արտոնությունների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը:
Այս տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` (http://lori.mtad.am/ughecuycner/ ):
Վանաձորի «Հատուկ կարիքներով երեխաների սոցիալ-հոգեբանական զարգացման ցերեկային խնամքի կենտրոնի» գործունեությունը, որն ավելի քան հինգ տարվա պատմություն ունի, ներկայացրեց, խմբի անդամ, «Խաչվող ուղիներ» հկ նախագահ Նարինե Ղազարյանը: Ինչպես հայտնի է, ծրագրի շրջանակներում սոցիալ-հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում 3-12 տարեկան հատուկ կարիքներով երեխաներին, ծրագրեր են իրականացվում նաև նրանց ընտանիքների հզորացման ուղղությամբ: Մինչ օրս աջակցություն է ցուցաբերվել նման 105 երեխայի: Ներկայում կենտրոնում ընդգրկված է ավելի քան 30 երեխա:
Այսուհանդերձ, ինչպես նշեց Ն. Ղազարյանը, ներկայում կենտրոնի գործունեությունը վտանգված է, քանի որ դոնոր կազմակերպությունների ֆինանսավորումը հոկտեմբերի 1-ի դրությամբ դադարեցված է անժամկետ, իսկ առկա խնայողությունների հաշվին այն կկարողանա գոյատևել 2-3 ամիս: Քննարկմանը ներկա կառույցները հանդես եկան մի շարք առաջարկություններով, որոնք կօգնեն որոշակի միջոցներ հայթայթել՝ մինչև առավել կայուն եկամուտներ գտնելու հնարավորության ստեղծումը: Նաև կարևորվեց հանրային լայն իրազեկում իրականացնելու և ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը այս խնդիրը ներկայացնելու հարցը:
Առաջարկություն հնչեց նաև դեկտեմբերի 5-ին՝ Կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում կազմակերպելու վերաբերյալ: Առայժմ մարզի ՀԿ-ներին հնարավորություն կտրվի հանդես գալ առաջարկություններով, որից հետո կկազմվի միջոցառման ծրագիրը:
Ներկայացված օրակարգային հարցերի վերաբերյալ ծավալվեցին ակտիվ քննարկումներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38