Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում դասասենյակներից մեկն անվանակոչվեց հերոս Ռաֆայել Ղազարյանի անունով

20.10.2022

Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում Արցախի պաշտպանության բանակի կապիտան, թիկունքի հրամանատար Ռաֆայել Ղազարյանի անձնական իրերն ու շնորհակալագրերն արդեն իրենց անկյունն ունեն։ Դպրոցում տեղի է ունեցել կապիտանի անվան դասասենյակի անվանակոչության արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Լոռի բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյաներ, Տեր Մամբրե քահանա Ոսկանյանը, դպրոցի ուսուցչական անձնակազմը, աշակերտները, զոհված հերոսի հարազատներն ու ընկերները։
Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից երախտիքի խոսք հայտնեց հերոսի հարազատներին և դպրոցի ուսուցիչներին՝ նրան հայրենասիրական ոգով կրթելու ու դաստիարակելու համար։
- Մեր տղաներն ընկան հանուն մեր երկրի անկախության ու մեր լավ ապագայի։ Բոլորիս սրբազան պարտքն է պատվով հիշել մեր հերոսներին և նրանց օրինակով դաստիարակել գալիք սերունդներին: Դրա վառ արտահայտությունը հերոս Ռաֆայել Ղազարյանի անունով դասասենյակի անվանակոչումն է: Փա՛ռք բոլոր անմահացած տղաներին,- ասաց Գ․ Ասրյանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Ռ․ Ղազարյանի անցած մարտական ուղին։ Ի հիշատակ Ռաֆայելի քաջագործությունների՝ միջոցառման ավարտին փոխմարզպետ Գոռ Ասյանը դպրոցի բակում տնկեց հերոսի անվանական ծառը։
Իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած կապիտանը ծնվել է 1993 թվականին Ստեփանավան քաղաքում։ Մանկության տարիներն անցել են Մոլդովայում, սակայն շուտով վերադարձել է Հայաստան։ Ռաֆայելը նախ սովորել է Ստեփանավանի թիվ 2 դպրոցում, ապա Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որից հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
Քաջ մարտիկը թշնամու դեմ կռվել է նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին։ Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 2-ին՝ Ջրականի պաշտպանության համար ընթացող թեժ մարտերում։
Հայկական բանակի ամրապնդման գործում զգալի ավանդի համար Ռաֆայել Ղազարյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով և բազմաթիվ պատվոգրերով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56