Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը հետևել է Ստեփանավան և Լոռի Բերդ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
17.10.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և կատարված աշխատանքների որակին ծանոթանալու նպատակով այսօր մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի, մարզպետարանի և համայնքապետարանների պաշտոնյաների հետ եղել է Ստեփանավան և Լոռի բերդ խոշորացված համայնքներում։ Այցի շրջանակներում փոխմարզպետը ծանոթացել է բնակավայրերում իրականացվող ծրագրերի ընթացքին, տվել մի շարք հանձնարարականներ։
Ստեփանավան խոշորացված համայնքում ընթացիկ տարում կիրականացվեն մոտ 1 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։
Ստեփանավան քաղաքում մարզպետի տեղակալն այցելել է Խորենացի և Մխիթար սպարապետ հիմնանորոգվող ճանապարհների շինհրապարակներ, տուֆ քարով սալարկվող Քալաշյան, Աղայան և 409 դիվիզիա փողոցներ։ Այնուհետև փոխմարզպետին են ներկայացվել Ստեփանավանի Ռումինական թաղամասի երեք բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ու ռիսկերի նվազեցման,ինչպես նաև Ստեփանավանի քաղաքային հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։
Հ. Ավետիսյանը եղել նաև Արմանիս բնակավայրում, որտեղ այժմ ընթանում են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներ։
Մարզպետի տեղակալի հաջորդ կանգառը Լոռի Բերդ համայնքն է եղել, որտեղ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ 15 ծրագիր է իրականացվում։
Փոխմարզպետը շրջել է համայնքի Ուռուտ, Սվերդլով, Ագարակ, Լեջան և Լոռի Բերդ բնակավայրերում։ Լոռի Բերդ համայնքի բոլոր բնակավայրերում բարեկարգվում են գյուղամիջյան տարածքները, մի քանի բնակավայրերում տեղադրվել են նաև խաչքարեր՝ ի հիշատակ հայրենիքի համար մղված մարտերում ընկածների։
Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան, Կողես, Սվերդլով, Յաղդան, Ուռուտ բնակավայրերում տուֆ քարով սալարկվում են ներհամայնքային ճանապարհները։ Լեջան, Սվերդլով, Ուռուտ, Լոռի Բերդ, Բովաձոր, Ագարակ, Յաղդան և Կողես բնակավայրերում ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը։ Հիմնանորոգվում են Սվերդլով, Ագարակ, Ուռուտ բնակավայրերի մանկապարտեզների շենքերը։ Ագարակ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով վերանորոգում է համայնքային կենտրոնի մարզադահլիճը և 2-րդ հարկն ամբողջությամբ։
Սուբվենցիոն ծրագրերի աշխատանքները որոշ բնակավայրերում գրեթե մոտենում են ավարտին։
Փոխմարզպետը վստահեցրել է, որ նմանատիպ այցերը համայնքներ պարբերական բնույթ են կրելու, և խիստ վերահսկողություն է սահմանվելու բոլոր ծրագրերի նկատմամբ: