Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տաշիրում մեկնարկել են «Երեմյան Ֆարմի» նախադեպը չունեցող մասշտաբային գյուղատնտեսական նախագծի շինաշխատանքները
10.10.2022

Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Մեծավան բնակավայրում տեղի է ունեցել «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» նոր կառուցվող անասնաբուծական համալիրի հիմքում «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկի տեղադրումը, որով և մեկնարկել են ֆերմայի շինարարական աշխատանքները։ Ներդրումային այս ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն ԱՄՆ դոլար է:
Մարզի և մասնավորապես խոշորացված համայնքի համար այս չափազանց կարևոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, Եվրասիական զարգացման բանկի (EDB) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, մարզպետարանի պաշտոնյաներ:
Խորհրդանշական ուղերձով պարկուճը քարե բլոկում տեղադրվել էր դեռևս սույն թվականի օգոստոսի 5-ին «Երեմյան Փրոջեքթսի» Ջերմուկի ֆերմայում՝ Դավիթ Երեմյանի, Վահան Քերոբյանի և ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովի կողմից, ովքեր նույն օրը ստորագրել էին համագործակցության հուշագիրը, ըստ որի՝ Եվրասիական զարգացման բանկը 25 մլն դոլարի ներդրում է կատարելու Լոռու մարզի Տաշիր համայնքում «Երեմյան ֆարմի» կողմից խոշոր տավարաբուծական և խոզաբուծական նոր ֆերմա կառուցելու համար:
Ֆերմայի շինարարական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ նախարար Վահան Քերոբյանն իր խոսքում ասել է, որ նման նախաձեռնությունները նաև խթան են մասնավոր հատվածի և արտահանման ներուժի զարգացման համար:
Փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջունելով նման կարևոր ծրագրի մեկնարկը Լոռու մարզում, նշել է, որ Տաշիրում առկա են բոլոր պայմանները խոշոր տավարաբուծական և խոզաբուծական ֆերմայի գործունեության համար: Ըստ նրա, վերջինս ոչ միայն հաջողված բիզնես պրոյեկտ կհանդիսանա, այլև կնպաստի տարածաշրջանի զարգացմանը, նոր աշխատատեղերի հիմնմանը:
-Ծրագրի նպատակը ՀՀ-ում պարենային անվտանգության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ապահովումն է,- շեշտել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:
-«Սերմից՝սեղան» ամբողջապես փակ ցիկլով գործելու մեր ռազմավարությունը թույլ է տալիս ապահովել կաթնարտադրության յուրաքանչյուր փուլի վերահսկողությունը, ինչը մեծապես կնպաստի հասարակությանը որակյալ կաթնամթերք մատակարարելուն և պարենային անվտանգության ապահովման այսօրվա մարտահրավերների հաղթահարմանը,-ասել է Դավիթ Երեմյանն ու հավելել, որ անասնապահական այս համալիրը լինելու է Հայաստանում իր տեսակի մեջ առաջինն ու եզակին։
«Երեմյան Ֆարմի» անասնապահական այս խոշոր համալիրի ընդհանուր մակերեսը 29 հեկտար է, որը ներառելու է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի։
Համալիրը համապատասխանեցված է լինելու արտադրության և որակի սահմանված միջազգային չափանիշներին, հագեցած՝ ավտոմատ համակարգերով ու սարքավորումներով։