Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի տարեցների տան բակում բարերարների պատվին հուշքար տեղադրվեց

10.10.2022

Տարեցների միջազգային օրվա միջոցառումների շրջանակներում Հայ Օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի նախաձեռնությամբ հանդիսավորությամբ բացվեց Վանաձորի տարեցների տան երկարամյա բարերարներ Գէորգ և Սիրվարդ Գարամանուկներին նվիրված հուշաքար:
Հուշաքարի բացման արարողությանը ներկա էին Հայ Օգնության ֆոնդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդիկ Կարապետյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ոլորտի ներկայացուցիչներ, Վանաձորի տարեցների տան բարեկամներ, հյուրեր:
Միջոցառման պատվավոր հյուրն էր բարերարներ Գէորգ և Սիրվարդ Գարամանուկների զարմիկ, Վանաձորի տարեցների տան այժմյան գլխավոր հովանավոր, ամերիկահայ հանրաճանաչ դաշնակահար Շահան Արծրունին:
Միջոցառումը սկսվեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանի օրհնությամբ: Վանաձորի տարեցների տան տնօրեն Մանուշակ Օհանյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ ավելի քան 20 տարի կառույցի գործունեությունը հնարավոր է դարձել Գէորգ և Սիրվարդ Գարամանուկների երկարամյա առատաձեռնության շնորհիվ, և տարեցների տունը իր հովանավորների հիշատակը վառ կպահի նաև խորհրդանշական հուշաքարով:
Շ. Արծրունին իր խոսքում հիշեց, թե ինչպես տարիներ առաջ մորաքույրն իրեն առաջին անգամ հայտնեց բարեգործություն անելու մտադրության մասին և, թե ինչպես վստահեցին ՀՕՖ-ին, որն էլ տասնամյակներ շարունակ բարեհաջող իրականացնում է իր առաքելությունը Վանաձորի տարեցների տանը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ներկաներին ողջունեց մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՕՖ-ին արդյունավետ համագործակցության, Վանաձորի տարեցների տան խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և հուշաքարի տեղադրման նախաձեռնության համար.
- Գէորգ և Սիրվարդ Գարամանուկները երկար տարիներ սատար են կանգնել Վանաձորի տարեցների տան բնակիչներին, այժմ էլ բարի գործը շարունակում է նրանց հանրաճանաչ զարմիկ Շահան Արծրունին` հույս ու հավատ ներշնչելով ծերերին և աջակցելով, ինչպես հնարավոր է: Մենք հոգաչափ շնորհակալ ենք ձեզ,- ասաց Տ.Հովսեփյանը:
Հուշաքարի բացման պատիվը տրվեց բարերարների զարմիկին, ապա հյուրերը ջերմ մթնոլորտում շփվեցին Տարեցների տան բնակիչների հետ:
Հիշեցնենք, որ 2001 թվականից ՀՕՖ-ի նվիրյալ բարերարների հոգածությամբ գործող Վանաձորի տարեցների տանն այժմ իրենց արժանապատիվ ծերությունն են վայելում ավելի քան վեց տասնյակ տատիկ-պապիկներ Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաքից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22