Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» արտագնա նիստ
06.10.2022
![](http://lori.mtad.am/files/n_pics/33095_s.jpg)
Այսօր Վանաձորի «ՀԿ կենտրոնում» անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» արտագնա նիստ, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահվության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը համառոտ տեղեկատվություն հաղորդեց այն առաջարկությունների և կարծիքների մասին, որոնք Լոռու մարզպետարանը ներկայացրել է hաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ կառավարության մի շարք որոշումների նախագծերի առնչությամբ:
Վերջիններս վերաբերել են «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին», «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին», «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի, գնահատման չափորոշիչներն ու գործիքները հաստատելու մասին», «Ծառայությունների անհատական ծրագիրը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» որոշումների նախագծերին:
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ (նախագահ Անուշ Ասլանյան) «Լոռի շահերի պաշտպանություն նախաձեռնողական խմբի» (ԼՇՊ) կողմից իրականացված աշխատանքների, ինչպես նաև «Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի» ( EREO) մինչ օրս գրանցած հաջողությունների, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների մասին ամփոփ տեղեկատվություն ներկայացրեցին կազմակերպության անդամները՝ Սերյոժա Գյուլազյանը, Ռուբիկ Փարսադանյանը, Հասմիկ Փելեշյանը, Վահան Սարգսյանը և Հասմիկ Մխիթարյանը:
Վերջիններս անդրադարձան նաև հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող խնդիրների՝ մասնավորապես մի շարք հանրային կառույցների մոտ թեքահարթակների բացակայությանը կամ սահմանված նորմերին չհամապատասխանությանը, հանրային տրանսպորտային միջոցների անհարմարավետությանը և այլն:
Ներկայացված խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց փոխմարզպետ Գոռ Ասրյանը: Նա նշեց, որ մարզպետարանը հետևողականություն կցուցաբերի դրանց կարգավորման ուղղությամբ: Նա նաև տեղեկացրեց, որ մարզպետարանի կողմից «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ին կտրամադրվեն հաշամանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մի շարք պարագաներ՝ շահառուներին հանձնելու համար:
Նիստի ավարտին Վ. Ջաղինյանը ներկայացրեց նաև ամառային Սուրդլիմպիկ խաղերում լոռեցի ըմբշամարտիկներ Սենիկ Սերոբյանի և Ռոբերտ Գևորգյանի գրանցած հաջողությունները՝ նշելով, որ մարզիկներն արժանացել են բրոնզե մեդալների: Նա ամփոփ տեղեկատվություն հաղորդեց նաև «Լիարժեք կյանք» ՀԿ-ի կողմից Ստեփանավանում կազմակերպված ամառային ճամբարի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ այս տարի այնտեղ հանգստացել է 150 երեխա և ծնող:
Կատարվեց նաև պարգևատրման արարողություն. Լոռու մարզպետի շնորհակալագիր հանձնվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար, «Մոլորակ» ԲՀԿ նախագահ Սուսաննա Ապրեսյանին՝ սոցիալական պաշտպանության բնագավառում ունեցած բազմամյա վաստակի, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գործում արդյունավետ համագործակցության, ջանադիր և շնորհակալ աշխատանքի համար:
Շնորհակալագիր փոխանցվեց նաև Անուշ Ասլանյանին (շնորհակալագիրն ստացավ կազմակերպության ներկայացուցիչ Աստղիկ Ասրյանը)՝ կարևորելով վերջինիս մեծ ներդրումը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավությունների ստեղծման գործում: