Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ինստիգեյթ մոբայլ» ընկերությունն ընդլանում է գործունեությունը Վանաձորում
07.09.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր ընդունեց «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր փոխմարզպետին ներկայացնել ընկերության գործունեությունը, իրականացվող ծրագրերը, զարգացման հեռանկարները և համագործակցության հնարավոր տարբերակները:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
«Ինստիգեյթ մոբայլ ընկերության Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Սամվել Պետրոսյանը փոխմարզպետին տեղեկացրեց, որ ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, Վանաձորում է 2010 թվականից, այստեղ ունեն շուրջ 80 աշխատակից:
Ս. Պետրոսյանը նշեց, որ Վանաձորում ընկերությունը 2 մասնաճյուղ ունի, վերջերս նաև հողատարածք է ձեռք բերել՝ առավել ընդլայնելու գործունեությունը և ակնկալում է մարզպետարանի աջակցությունը ներդրողներ գտնելու հարցում:
Հ. Ավետիսյանը իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն հայտնեց «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչներին՝ մարզում իրականացվող նախաձեռնությունների և ներդրումների համար:
- Բարձր աշխատավարձով մարզում թիմ պահելը բավականին բարդ և գնահատելի աշխատանք է: Պատրաստ ենք մեր ուժերի շրջանակներում աջակցել ձեր բոլոր ծրագրերին,- ասաց փոխմարզպետը:
Հ. Մկրտչյանը ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում նշեց, որ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում մարզպետարանը պատրաստ է դիմելու «Ներդումների աջակցման կենտրոն» ներդրողներ գտնելու և հնարավորինս օգնելու ձեռք բերված հողատարածքում նոր շենքի կառուցման հարցում:
Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ շինարարությունը կմեկնարկի գարնանը և Լոռու մարզում կարևորագույն օղակ կհանդիսանա կրթական բազմաբնույթ ծրագրեր իրագործելու համար: Նախատեսվում է ինժեներական հետաքրքիր ու ժամանակակից լուծումներով հարմարավետ շինություն կառուցել: Այն կունենա 4 հարկ և 130 անձի համար նախատեսված խորհրդակցությունների դահլիճ: