Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոկտեմբերի 13-22-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար
25.08.2022
Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց «Մարդահամարի կարևորությունը, նպատակը, անցկացման մեթոդը և այլ հարցեր» թեմայով Լոռու մարզային նիստ, որի նպատակն էր քննարկել 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ն անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման աշխատանքները և իրականացման ընթացքը։ Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը։ Ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ,Վիճակագրական կոմիտեի և շահագրգիռ այլ կառույցների մասնագետներ: Վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գևորգյանը նշեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա երրորդ մարդահամարն է։ Նա տեղեկացրեց, որ այս կարևորագույն միջոցառման ընթացքում կհավաքագրվեն տվյալներ մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների և այլնի վերաբերյալ: Վ. Գևորգյանի տեղեկացմամբ՝ հարցաթերթիկները լրացվելու են էլեկտրոնային տարբերակով: Այս տարի առաջին անգամ մարդահամարի համար օգտագործվելու է համակցված մեթոդը. հարցումը կատարվելու է բնակչության 25 տոկոսի չափով, որոնց ընտրելու է ավտոմատ համակարգը: Հաշվարարն այցելելու է յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր 4-րդ տնային տնտեսություն և հարցերն ուղղելու է տվյալ պահին տվյալ հասցեում բնակվող չափահաս անձին: Զեկուցողները նշեցին նաև, որ մարդկանց անհատական տվյալները գաղտնիք են և հրապարակման ենթակա չեն։ Մարդահամարի արդյունքները կհրապարակվեն մեկ տարի անց: Գ. Ասրյանը, հորդորեց համայնքների ներկայացուցիչներին աջակցել մարդահամարի կազմակերպման և անցկացման բոլոր աշխատանքներին: