Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը տեսակցեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռադիկ Հովակիմյանի նորածին եղբորը
23.08.2022
Օգոստոսի 19-ին Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: 3.400 կգ քաշով և 51 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանել են Ռադիկ՝ հերոս եղբոր հիշատակին:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ այսօր այցելեց Վանաձորի բժշկական կենտրոն՝ տեսակցելու փոքրիկին և շնորհավորելու հերոսի մայրիկին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը և կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը:
Մարզպետն ու կինը զրուցեցին հերոսածին Հայարփի Սինդոյանի հետ, նվերներ հանձնեցին, խաղաղ մանկություն, անհոգ կյանք մաղթեցին փոքրիկին, ուժ և համբերություն՝ ծնողներին:
Ծնունդն ընդունող բժիշկ և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանից Ա.Խաչատրյանը հետաքրքրվեց նորածնի առողջական վիճակով: Վերջինս նշեց, որ 42-ամյա ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում, վաղն արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից:
Հերոս եղբոր անունը կրող փոքրիկ Ռադիկին Թումայնան խոշորացված համայնքի հայրենի Մարց բնակավայրում անհամբերությամբ սպասում են նրա 18-ամյա եղբայրն ու 14-ամյա քույրը:
Հերոս Ռադիկ Հովակիմյանն անմահացել է 20 տարեկանում, նա ծառայում էր հակահրետանային վաշտում: