Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական աջակցության գյուղատնտեսական ծրագրերից արդյունավետ օգտվել են Դարպաս բնակավայրի ֆերմերները

19.08.2022

2022 թվականի 1-ին կիսամյակում Լոռու մարզում «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվել է շուրջ 260 տնտեսություն՝ ընդհանուր 335 միլիոն ՀՀ դրամ վարկային գումարի չափով:
Պետական աջակցության ծրագրից լոռեցիներն օգտվում են հիմնականում անասնապահության, բուսաբուծության, մեղվաբուծության ոլորտները զարգացնելու համար:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ վերոհիշյալ ծրագրից օգտվող Վանաձոր խոշորացված համայնքի Դարպաս բնակավայրի շահառուների հետ հանդիպեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը:
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Դարպասի ֆերմերների գործունեությանն, այդ թվում վարկերի նպատակային և արդյունավետ օգտագործմանը և նրանց տեղեկացնել պետական աջակցության նոր ծրագրերի և հնարավորությունների մասին:
Դարպաս բնակավայրն ունի 2000 բնակիչ, պետական աջակցության ծրագրերից այստեղ օգտվել է շուրջ 100 ընտանիք: Զոյա Ջեյրոյանի ընտանիքը 2020 թվականին 0 տոկոս տոկոսադրույքով 8 միլիոն դրամ է ստացել, գնել է 50 գլուխ խոզ, 1 տոհմային կով և ընտանիքի հետ միասին ընդլայնել տնտեսությունը:
- Առանց այս ծրագրի մենք չէինք կարող մեծացնել մեր ֆերման: Ծրագիրը զգալի օժանդակություն է գյուղացուն, եթե նպատակային են օգտագործում գումարները, - Արտյոմ Շահվերդյանի հետ զրույցում ասում է տիկին Զոյան:
Հիշեցնենք, որ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի վարկերն այժմ տրամադրվում են 14 տոկոս տոկոսադրույքով, որից 9 տոկոսը սուբսիդավորում է ՀՀ կառավարությունը, գյուղատնտեսը փաստացի օգտվում է 5 տոկոս տոկոսադրույքով վարկից՝ 3-15 միլիոն ՀՀ դրամի չափով, առավելագույնը 3 տարի ժամկետով:
Նշված ծրագրի շահառու է Դարպասի բնակիչ Մեխակ Ղարաքեշիշյանը: Ստացած 4 միլիոն դրամով ձեռք է բերել 10 կով և անասնակեր, ստացած շահույթով եկող տարի հույս ունի, որ առավել կմեծացնի ֆերման:
- Ինձ նման սովորական մարդու համար վարկի նման պայմաններն օգտակար են, երկրորդ կարծիք լինել չի կարող, - ասում է նա:
Ա. Շահվերդյանը տեղեկացրեց, որ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը գործելու է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը և հորդորեց այս մասին ակտիվորեն տեղեկացնել մյուս ֆերմերներին, որպեսզի օգտվեն ընձեռված հնարավորությունից և իրենց տնտեսություններում շահավետ ներդրումներ կատարեն:
Նա հայտնեց նաև աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության մասնակի փոխհատուցման ծրագրի մասին՝ կոչ անելով օգտվել նաև այս հնարավորությունից:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38