Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետը հերթական շրջայցը կատարեց՝ հետևելու Սպիտակ խոշորացված համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
12.08.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը ոլորտի պատասխանատուների հետ միասին աշխատանքային այցով այսօր եղել են Սպիտակ խոշորացված համայնքում, ծանոթացել իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
Նրանք շրջայց են կատարել Նոր Խաչակապ, Գոգարան և Լեռնանցք բնակավայրերում, ուր համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն մի շարք ծրագրեր են ընթանում:
Նոր Խաչակապում ոռոգման համակարգ է կառուցվում՝ 2692 մետր երկարությամբ և ավելի քան 11 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, Գոգարանում տուֆ քարով սալարկման միջոցով հիմնանորոգվում է կենտրոնական փողոցի 464 մետր երկարությամբ, 5 մետր լայնությամբ ճանապարհը՝ 25 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, իսկ Լեռնանցքում ասֆալտապատվում է 11-րդ փողոցը՝ 510 մետր երկարությամբ, 5 մետր լայնությամբ և 24 միլիոն 500 հազար դրամ պայմանագրային արժեքով:
Կարևորելով պետական աջակցության ծրագրերի որակով և հավուր պատշաճի իրականացումը՝ Հ. Ավետիսյանն ընդգծել է, որ հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել աշխատանքներին, պահպանել սահմանված վերջնաժամկետները և շտկել բոլոր թերությունները:
Համայնքի ներկայացուցիչներին տրվեցին հանձնարարականներ հետողական լինելու և ամենասեղմ ժամկետներում բացթողումները կարգավորելու համար: