Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստը

09.08.2022

Օգոստոսի 9-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստ՝ մարզպետ Արամ Խաչատրյանի, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, հանրապետական գործադիր մարմինների, ուժային կառույցների, մարզային ծառայությունների, համայնքների ղեկավարների, քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հնչեց ՀՀ օրհներգը, ապա իր օրհնությունը ներկաներին հղեց Գուգարաց թեմի առաջնորդը՝ երկրին մաղթելով խաղաղություն, հայ ժողովրդին՝ բարեկեցություն և տոկունություն:
Բացման խոսքով հանդես եկավ մարզի ղեկավարը: Մինչ անդրադարձ կատարելը օրակարգային հարցերին, Ա. Խաչատրյանը կարևորեց սերտ համագործակցությունը դահլիճում ներկա գտնվող բոլոր կառույցների ներկայացուցիչների միջև: Նա նշեց, որ ներկաների նպատակը մեկն է՝ մարզը դարձնել ուժեղ, հզոր, զարգացած՝ զերծ հոգսերից ու խնդիրներից, ամեն ինչ անել բնակչության կենսամակարդակը բարձրացնելու և բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Ուստի կարևոր համարեց, որ ցանկացած հարցով՝ անգամ առաջին հայացքից ամենափոքր թվացող, բոլորը կարողանան օպերատիվ կերպով և անկաշկանդ գործակցել՝ խնդիրներին արագ լուծում տալու նպատակով:
- Ուզում եմ վստահեցնել, որ ես՝ որպես մարզպետ, և Լոռու մարզպետարանի ողջ թիմը պատրաստակամ ենք շուրջօրյա ռեժիմով ծառայել մեր հանրությանը և հասանելի ենք օրվա բոլոր ժամերին,- ասաց նա:
Մարզի ղեկավարն իր խոսքում անդրադարձավ նաև գործակցությանը ուժային կառույցների հետ (ամբողջական ելույթն այստեղ՝ http://lori.mtad.am/news/item/2022/08/09/NEWS17/ ) :
Օրակարգի համաձայն մարզի համայնքների բյուջեների յոթ ամիսների սեփական եկամուտների կատարման մասին հաշվետվություն ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Մերի Դալլաքյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մարզի համայնքների բյուջեներով 2022 թ.-ի եկամուտների տարեկան պլանը կազմում է 8,798,881.3 հազ. դրամ, ինն ամսվա համար նախատեսված են 6,599,161.0 հազ. դրամ, փաստացի մուտքերը կազմել են 5,946,535.6 հազ. դրամ, կամ կատարվել է 90.1 տոկոսով: Տարեկան պլանի նկատմամբ կատարողականը կազմում է 67.6 տոկոս: Պլանային ցուցանիշների մեջ ներառված չեն Վանաձոր խոշորացված համայնքի (Վանաձոր, Գուգարք, Շահումյան, Դարպաս բնակավայրեր) բյուջեի պլանային ցուցանիշները համայնքի բյուջեն հաստատված չլինելու պատճառով:
2022 թ.-ի սեփական եկամուտները տարվա կտրվածքով նախատեսված են 1,938.2 մլն. դրամ, ինն ամսվա համար սեփական եկամուտները նախատեսված են 1,453.6 մլն. դրամ, փաստացի հավաքագրումը կազմել է 1,606.0 մլն. դրամ, կամ կատարվել է 110.5 տոկոսով, տարեկան պլանի նկատմամբ կատարողականը կազմում է 82.9 տոկոս:
Հաշվետու ժամանակաշրջանում սեփական եկամուտների հավաքագրման նվազագույն ցուցանիշ է ապահովել Սարչապետ համայնքը՝ 27.5%, Փամբակ համայնքը՝ 34.1%, առավելագույն ցուցանիշ է ապահովել Մեծավան համայնքը՝ 83.2%, Տաշիր համայնքը՝ 78.9%:
2021թ.-ի նույն ժամանակաշրջանում սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1,292.3 մլն. դրամ: Սեփական եկամուտների աճը 2021թ.-ի նկատմամբ կազմել է 124.3% կամ նախորդ տարվա նկատմամբ ավելի է հավաքագրվել 313.6 մլն. դրամ:
Բոլոր համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գծով նախորդ տարվա նկատմամբ աճ է գրանցվել, նվազում ունի միայն Ախթալա համայնքը, որը պայմանավորված է Ախթալայի ԼՀԿ-ի կողմից նախորդ տարի կատարված շուրջ 56.3 մլն դրամ նվիրատվության գումարով, 2022թ.-ին կազմել է 35 մլն. դրամ:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ անշարժ գույքի հարկի գծով 9 ամսվա պլանային ցուցանիշը նախատեսվել է 243,1 մլն. դրամ, հուլիսի 31-ի դրությամբ փաստացի հավաքագրվել է 101,8 մլն. դրամ կամ կատարողականը կազմել է 41.9%:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում հավաքագրումը կազմել է 50.2 մլն. դրամ, նախորդ տարվա համեմատությամբ կատարողականը կազմել է 202.8%, կամ ավելի է հավաքագրվել 51.6 մլն. դրամ: Հավաքագրումների համեմատականը ցույց է տալիս, որ 2022թ.-ի հավաքագրումները գրեթե կրկնապատկվել են:
Փոխադրամիջոցների գույքահարկի գծով 9 ամսվա պլանային ցուցանիշը նախատեսվել է 572.2 մլն. դրամ, հուլիսի 31-ի դրությամբ փաստացի հավաքագրվել է 778.5 մլն. դրամ կամ կատարողականը կազմել է 136%:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում հավաքագրումը կազմել է 453.5 մլն. դրամ, նախորդ տարվա համեմատությամբ կատարողականը կազմել է 171.7%, կամ ավելի է հավաքագրվել 325 մլն. դրամ: Համայնքների փաստացի հավաքագրումների համեմատականը ցույց է տալիս, որ 2022 թ.-ի հավաքագրումները բոլոր համայնքներում ավելացել են, Ալավերդի, Թումանյան, Օձուն համայնքներում՝ կրկնապատկվել:
Տեղական տուրքի գծով 9 ամսվա պլանային ցուցանիշը նախատեսվել է 38.4 մլն. դրամ, հուլիսի 31-ի դրությամբ փաստացի հավաքագրվել է 59.1 մլն. դրամ կամ կատարողականը կազմել է 153.8%:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տեղական տուրքերի հավաքագրումը կազմել է 72 մլն. դրամ, նախորդ տարվա համեմատությամբ կատարողականը կազմել է 82 %, կամ պակաս է հավաքագրվել 13 մլն. դրամ: Հավաքագրումների համեմատականը ցույց է տալիս, որ 2022 թ.-ի հավաքագրումները 6 համայնքներում նվազել են, դրանք են՝ Լոռի Բերդ 63.8%, Վանաձոր 69.7%, Մեծավան 71%, Սպիտակ 87.1%, Ստեփանավան 94.6%, Սարչապետ 95.6%,:
Հուլիսի 31-ի դրությամբ, պետական տուրքի 17.9 մլն. դրամ 9 ամսվա պլանի դիմաց, հավաքագրվել է 44.2 մլն. դրամ, կամ կատարվել է 247.7%-ով: 2021 թ.-ի նույն ժամանակաշրջանում հավաքագրումը կազմել է 39.2 մլն. դրամ: 2021թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 112.9% կամ ավելի է հավաքագրվել 5.1 մլն. դրամ:
Համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների 180.5 մլն. դրամ 9 ամսվա պլանի դիմաց՝ անցած 7 ամիսների ընթացքում հավաքագրվել է 150.5 մլն. դրամ կամ 83.4%: 2021թ.-ի նույն ժամանակաշրջանում հավաքագրումը կազմել է 142 մլն. դրամ: 2021թ.ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 106% կամ նախորդ տարվանից ավելի է հավաքագրվել 8.5 մլն. դրամ:
Հուլիսի 31-ի դրությամբ աղբահանության գծով վարձավճարների 94.9 մլն. դրամ պլանի դիմաց՝ հավաքագրվել է ընդամենը 146.4 մլն. դրամ, կամ կատարվել է 154.2%-ով: 2021թ.-ի նույն ժամանակաշրջանում հավաքագրումը կազմել է 152.6 մլն. դրամ: 2021թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 95.9 %, կամ պակաս է հավաքագրվել 6.2 մլն. դրամ:
Համայնքների կողմից ներկայացված 2021-2022 թթ.-ի սուբվենցիոն ծրագրերի ընթացքի և 2023 թ.-ի ծրագրերի մասին զեկուցեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը:
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին Լոռու մարզի 40 համայնքներում սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում էր իրականացնել 111 ծրագիր՝ 4.7 մլրդ ընդհանուր արժեքով, որից պետական բաժնեմասը՝ 2.6 մլրդ, համայնքային բաժնեմասը և այլ ներդնողներ՝ 2.1 մլրդ: Նշված ծրագրերից 87 ծրագիր ավարտվել է, 20 ծրագրի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, 4 ծրագրի համար կապալի պայմանագիր չի կնքվել (Ալավ. տուֆ, Սարահարթի խմելու ջուր, Տաշիրի ԲԲՇ, Վանաձորի տանիքներ):
Վահրամ Ղարսայանը տեղեկացրեց, որ 2022 թվականին Լոռու մարզի 15 համայնքներում սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում էր իրականացնել 91 ծրագիր՝ 9.3 մլրդ ընդհանուր արժեքով, որից պետական բաժնեմասը՝ 5 մլրդ, համայնքային բաժնեմասը և այլ ներդնող՝ 4.3 մլրդ դրամ: 2022թ-ի օգոստոս ամսվա դրությամբ 30 ծրագրի համար կնքվել է պայմանագիր, 21 ծրագիր պայմանգրի կնքման գործընթացի փուլում է, 7 ծրագրի համար հայտարաված է մրցույթ, 12 ծրագրի համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի:
2023 թ.-ի սուբվենցիոն ծրագրերի համար 16 համայնքներից ներկայացված են 70 ծրագրերի հայտեր՝ 8.7 մլրդ. դրամ նախնական արժեքով (պետական բաժնեմասը՝ 4.8 մլրդ, համայնքային բաժնեմասը և այլ ներդնող՝ 4.1 մլրդ դրամ): Ծրագրերը գտնվում են միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման փուլում:
Քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը հայտնեց, որ համայնքներում կատարած շրջայցերի ընթացքում պարզվել է, որ շինարական աշխատանքների ընթացքում Պատվիրատու և տեխնիկական հսկողություն իրականցնող կազմակեպությունները թերացել են իրենց պարտականություններում: Կան օբյեկտներ, որտեղ շինարարական աշխատանքները կատարվել են շինարարական նորմերի խախտումներով:
Նմանատիպ թերացումներից խուսափելու համար նա առաջարկեց նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և տեխնիկական հսկողության աշխատանքներն իրականացնել համապատասխան ոլորտի լիցենզիա ունեցող կազմակեպությունների հետ՝ ըստ մարզպետարանից տրամադրած տեխնիկական բնութագրերի և պարտադրել տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությանը շին. հրապարակներում ապահովել ճարտարագետի ամենօրյա ներկայությունը, իսկ գնման գործընթաց իրականացնելիս մեծ ուշադրություն դարձնել կապալառու կազմակերպության՝ համապատասխան ոլորտի լիցենզիայի առկայությանը:
Վահրամ Ղարսայանը նշեց, որ հարկավոր է հանձնարարել շինարարական կազմակերպություններին ապահովել համապատասխան մասնագետների, անհրաժեշտ մեքենա-մեխանիզմների, նյութերի երաշխիքային ժամկետների, լաբորատոր ստուգումների տեխնիկական և երկրաչափական բնութագրերի պահանջները, համադրման և լրացուցիչ աշխատանքներն իրականացնել մարզպետարանի քաղաքաշինության վարչության հետ համաձայնեցնելուց հետո:
Մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:
Նա նշեց, որ եղանակային պայմանների պատճառով այս տարի մարզում գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը եղել է մի փոքր ավելի ուշ և արդյունքում առկա է հետևյալ պատկերը. մարզում առկա 42001.7 հա վարելահողերից 2022 թ.-ին մշակվել է 22 200 հա ( 52.85 % ), իսկ 2021 թ.-ին 21 675 հա: Արդյունքում մշակվող հողատարածքները նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 525 հա-ով: Չնայած նրան, որ մայիս-հուլիս ամիսներին տեղացած կարկուտի հետևանքները ստեղծել են բազմաթիվ խնդիրներ տնտեսվարողների համար, այդուհանդերձ մարզում ընդհանուր առմամբ կանխատեսվում է բարձր բերքատվություն մի շարք մշակաբույսերի առումով:
Ըստ զեկուցողի, գյուղատնտեսական աշխատանքներին խթանող միջոցառում է հանդիսացել պետության կողմից պարարտանյութերի սուբսիդավորման ծրագիրը, որից օգտվել է շուրջ 4500 շահառու, սուբսիդավորված պարարտանյութի քանակը կազմել 2375 տ (47509 պարկ), իսկ պետության կողմից գումարի սուբսիդավորման չափը կազմել է 427.581.0 հազ. դրամ:
Մարզում առկա անասնագլխաքանակի ցուցանիշներն են (2021թ.-ի համեմատությամբ).
խոշոր եղջերավոր կենդանիները նվազել են 3.5%-ով (74 674-ից դարձել է 72 049 գլուխ), որից կովեր՝ 1.6 %-ով (36 849-ից դարձել է 36 262 գլուխ),
մանր եղջերավոր կենդանիներն ավելացել են 14 %-ով (26 306-ից դարձել է 30 588 գլուխ),
թռչուններն ավելացել են 14.4 %-ով (266 210-ից դարձել է 311 051 թև)
խոզերի գլխաքանակը նվազել է 7.4 %-ով (12 912-ից դարձել է 11 953 գլուխ):
Ա. Թումանյանը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի ամփոփ տվյալները 2022 թ.-ի առաջին կիսամյակի համար.
«ՀՀ-ում տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրից օգտվել է 4 շահառու, ձեռք են բերվել 449 գլուխ տոհմային երինջներ, որի համար պետական ֆինանսավորումը կազմել է 52.693.442 հազ. դրամ:
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագրից օգտվել է 2 շահառու, կնքվել է 8 պայմանագիր, որի պետական ֆինանսավորումը կազմել է 12.439.52 հազ. դրամ:
«ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրից օգտվել է 13 շահառու, որի պետական ֆինանսավորումը կազմել է 4.384.2 հազար դրամ:
«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում պետությունից փոխհատուցում է ստացել 1 շահառու՝ 12.250.0 հազար դրամ, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրից փոխհատուցում է տրվել՝ 135.000.0 հազար դրամի չափով, «Բուսասանիտարիայի ծառայությունների մատուցում» ծրագրից՝ 739.8 հազ. դրամ:
«Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվել է 252 շահառու, պետական ֆինանսավորման գումարը՝ 334.911.7 հազ. դրամ:
Գյուղատնտեսության ոլորտում միջազգային և դոնոր կազմակերպությունների կողմից մարզում իրականացվել է 1.634.556.7 հազ. դրամի ներդրում:
- Ինչպես գիտենք ՀՀ-ում գործարկվելու է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը, որի նպատակն է պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել և գործարկել ԽԵԿ-ի համատարած համարակալման և հաշվառման համակարգ: Վերջինս, լինելով տեղեկատվական հարթակ, զգալիորեն կբարելավի կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը,- ասաց վարչության պետը՝ հորդորելով համայնքների ղեկավարներին հետևողականություն ցուցաբերել գործընթացի պատշաճ կազմակերպման համար։
Նա տեղեկացրեց նաև, որ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը, որով նախատեսվում է 2023-2025 թվականներին պետական աջակցությամբ խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը՝ նույնպես կարևորելով գործընթացի պատշաճ իրականացումը։ (Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջից):
Վարչության պետի տեղեկացմամբ, քննարկման փուլում է «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագիր» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը։
Ծրագրի շրջանակում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ ցածրադիր շրջաններում, եղանակային պայմաններից կախված, մինչև 2022 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակը:
1 հա-ի հաշվով յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի.
հավաստագրված սորտերի էլիտային կամ առաջին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում՝ 120 հազար դրամ (սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի հաշվով), չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ (միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի հաշվով)։ Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2022 թվականի հոկտեմբերի 15-ը պետք է դիմեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին:
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխությունների և մարզպետարան-տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցության մասին զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը:
Նա նշեց, որ մարզի 113 համայնքների միավորման արդյունքում այժմ ունենք 16 համայնք, որոնցից 15-ը բազմաբնակավայր խոշորացված համայնքներ են։
Մ. Խեչումյանը տեղեկացրեց, որ մարզի համայնքների թիվն առաջիկայում կկրճատվի ևս 5-ով: Թումանյանի տարածաշրջանի Օձուն, Ալավերդի, Ախթալա և Շնող համայնքները կմիավորվեն Ալավերդի կենտրոնով մեկ համայնքի կազմում, իսկ Տաշիրի տարածաշրջանի Մեծավան, Սարչապետ և Տաշիր համայնքները՝ Տաշիր կենտրոնով մեկ համայնքի կազմում։
Անդրադառնալով համայնքային ծառայության բնագավառին Մ. Խեչումյանը նշեց, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Լոռու մարզի համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարվել է 196 մրցույթ, որոնցից կայացել են 157 -ը, մրցույթներին մասնակցելու համար դիմել են 251 քաղաքացիներ, հաղթող է ճանաչվել 147 (2 մրցույթում եղել է 2 հաղթող) մասնակից, կայացած 12 մրցույթում հաղթող չի ճանաչվել։ 39 մրցույթ չի կայացել քաղաքացիների կողմից դիմումներ չներկայացնելու պատճառով։ Համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթների հրապարակայնությունն ապահովելու նպատակով տեղեկատվությունը մշտապես տեղադրվել է մարզպետարանի կայք էջում, ֆեյսբուքյան էջում, azdarar.am հասցեում գտնվող հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Անդրադառնալով մարզպետարան–տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցությանը՝ ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց հատկապես փաստաթղթաշրջանառության հետ կապված օրենսդրության պահանջների կատարման վրա:
- Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մարզպետարան-տեղական ինքնակառավարման մարմիններ-հանրապետական գործադիր մարմինների տարածքային կամ մարզային ստորաբաժանումներ համագործակցության կարևորությունը, քանզի մեր պետության առջև ծառացած բոլոր մարտահրավերներին կարծում եմ հնարավոր է դիմագրավել տեղական ինքնակառավարման և պետական կառավարման համակարգի մաս կազմող բոլոր գերատեսչությունների արդյունավետ համագործակցության և փոխգործակցության շնորհիվ- հավելեց Մ. Խեչումյանը:
Մարզի ղեկավարն, ամփոփելով ելույթներն, անդրադարձավ սեփական եկամուտների հավաքագրմանը՝ նշելով, որ ցուցանիշը բոլոր համայնքներում պետք է հասցվի 100 տոկոսի.
- Բոլորդ քաջ գիտակցում եք, որ հարկերի հավաքագրումից են կախված համայնքներում իրականացվող տարաբնյութ ծրագրերը, այդ թվում նաև՝ սոբվենիցոն ծրագրերը: Թերակատարումների հետ կապված որևէ պատճառաբանություն անընդունելի է: Վստահ եմ, հետևողական աշխատանքի դեպքում, մարզը այս տեսանկյունից ևս առաջատարի դիրքում կլինի,- ասաց Ա. Խաչատրյանը:
Նա անդրադարձավ նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքին՝ կարևորելով բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը:
- Որակի հետ կապված խնդիրների առկայության դեպքում ծրագրերը չեն ֆինանսավորվի: Կարծում եմ, մեզ հետ աշխատող շինարարները սա շատ լավ գիտեն: Կարևորում եմ նաև համայնքների ղեկավարների խիստ վերահսկողությունը իրենց համայնքներում իրականացվող աշխատանքների որակի և կատարման ժամկետների նկատմամբ,- ասաց մարզի ղեկավարը:
Արամ Խաչատրյանն իր խոսքում անդրադարձավ նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և առաջիկայում նախատեսվող համայնքների խոշորացման գործընթացին:
Հնչեցին նաև հայտարարություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:24:21