Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի խոսքը Լոռու մարզխորհրդի նիստին 09.08.2022թ.
09.08.2022
Հարգարժան սրբազան հայր, հանրապետական գործադիր մարմինների, ուժային կառույցների, մարզային ծառայությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարնե՛ր, ներկանե՛ր, հրավիրյալնե՛ր:
Ողջունում եմ ձեզ և շնորհակալություն հայտնում Լոռու մարզխորհրդի նիստին ներկա գտնվելու համար:
Հայտնի պատճառներով, ինչպես գիտեք, առժամանակ մարզխորհրդի նիստեր չէին հրավիրվել և բոլոր պատասխանատու մարզային կառույցների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ նման մասշտաբային խորհրդակցություն անցկացնելու անհրաժեշտությունն, իհարկե, հասունացել էր:
Մինչ անդրադարձ կատարելը այսօր քննարկվելիք օրակարգային հարցերին, ուզում եմ կարևորել սերտ համագործակցությունը այս դահլիճում ներկա գտնվող բոլոր կառույցների ներկայացուցիչների միջև: Մեր՝ բոլորի, նպատակը մեկն է՝ մարզը դարձնել ուժեղ, հզոր, զարգացած՝ զերծ հոգսերից ու խնդիրներից, ամեն ինչ անել մեր բնակչության կենսամակարդակը բարձրացնելու և բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Ուստի, շատ կարևոր և անհրաժեշտ եմ համարում, որ ցանկացած հարցով՝ անգամ առաջին հայացքից ամենափոքր թվացող, բոլորս կարողանանք օպերատիվ կերպով և անկաշկանդ գործակցել՝ այդ խնդրներին արագ լուծում տալու նպատակով: Ուզում եմ վստահեցնել, որ ես՝ որպես մարզպետ և Լոռու մարզպետարանի ողջ թիմը պատրաստակամ ենք շուրջօրյա ռեժիմով ծառայել մեր հանրությանը և հասանելի ենք օրվա բոլոր ժամերին:
Հատկապես անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ մեր գործակցությանը ուժային կառույցների հետ: Լոռու մարզպետարանն իր գործունեության ընթացքում ակտիվ համագործակցում է իրավապահ մարմինների հետ: Մասնավորապես՝ Լոռու մարզի դատախազությունից միջնորդագրեր են ստացվում՝ հանցագործության կատարման հետևանքով քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցված հողերն ու անշարժ գույքը Վանաձոր համայնքին վերադարձնելու նպատակով միջոցառումներ ձեռնարկելու, հայց ներկայացնելու ուղղությամբ: Կոնկրետ մեկ դեպքի առիթով տեղեկացնեմ, որ Վանաձոր համայնքի կողմից համապատասխան հայցը ներկայացվել է դատարան:
Համագործակցություն է իրականացվում նաև Լոռու մարզի քննչական վարչության հետ: Արդյունքում մեր կողմից տրվում են պարզաբանումներ նշված մարմնի կողմից ստուգում նշանակելու մասին որոշումներով առաջադրված հարցերին, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ կրթական, առողջապահական, քաղաքաշինական և այլն: Պարզաբանումները տրվում են մարզպետարանի համապատասխան ոլորտի մասնագետների կողմից:
Մարզպետարանի և իրավապահ համակարգի միջև այս համագործակցությունը նպաստում է հանցագործությունների հետևանքով պատճառված վնասների վերականգնմանը, ինչպես նաև հետագայում նմանատիպ խախտումները բացառելուն:
Հավելեմ նաև, որ, ի կատարումն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ուղղված գրության, շրջաբերական գրություն է ուղարկվել Լոռու մարզի բոլոր համայնքների ղեկավարներին՝ առաջարկելով պետությանը և համայնքներին պատճառված նյութական վնասի առկայության դեպքում, քրեական հետապնդում հարուցելու մասին գրավոր տեղեկանալուց հետո, երկամսյա ժամկետում փոխհատուցման պահանջով համապատասխան հայց ներկայացնել դատարան՝ կարևորելով հայց ներկայացնելու և դատավարական ժամկետները պահպանելու անհրաժեշտությունը:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ շնորհակալությունը հղել նաև ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչությանը, ոստիկանական ստորաբաժանումներին, պարեկային ծառայությանը, զինկոմիսարիատին, Լոռու մարզի փրկարարական վարչությանը ամենօրյա ռեժիմով մեզ հետ աշխատելու և ցանկացած խնդրի դեպքում օպերատիվ արձագանքելու և աջակցելու համար:
Մարզպետարանի տարբեր ստորաբաժանումներ յուրաքանչյուր օր առիթ են ունենում աշխատելու նաև տեսչական մարմինների մարզային կառույցների հետ, ինչի շնորհիվ մեր աշխատանքներն իրականացվում եմ առավել արդյունավետ: Շնորհակալ եմ:
Հարգելի՛ ներկաներ, թույլ տվեք առայժ ամփոփելով խոսքս՝ տեղեկացնել, որ մարզխորհրդի նիստի օրակարգային հարցերի շրջանակներում այսօր անդրադարձ է կատարվելու սեփական եկամուտների հավաքագրման, սուբվենցիոն ծրագրերի իրականացման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխությունների և մարզպետարան-տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցության և մի շարք այլ հարցերի:
Խնդրում եմ լինել ակտիվ և խնդրահարույց հարցերի դեպքում հարցեր ուղղել զեկուցողներին:
Շնորհակալություն: