Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի Սարատովկա և Քարկոփ բնակավայրերում բացվեցին նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայության կենտրոններ

05.08.2022

Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա և Շնող խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրերում տեղի ունեցան նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների բացման արարողություններ:
Մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը, ԵՄ ներկայացուցիչները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետեր, գործընկերներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր:
Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել են ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Լոռու մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ:
Մանկապարտեզների բացման առիթով ներկաներին ողջունեց և շնորհավորեց Հ. Ավետիսյանը.
- Նախադպրոցական կրթությունը երեխաներին հնարավորություն է տալիս լիարժեքորեն պատրաստվելու դպրոցին, դրսևորվելու կոլեկտիվում: Մարզպետ Արամ Խաչատրյանի և իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպություններին և անհատներին ծրագիրը նախաձեռնելու և բարձր մակարդակով կյանքի կոչելու համար,-ասաց նա:
Փոխմարզպետը վստահեցրեց, որ Լոռու մարզպետարանն անում է ամեն հնարավորը կրթական ողջունելի նախաձեռնություններին աջակցելու համար:
Ծրագիրը համահունչ է նաև Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025 թթ.-ի համագործակցության ծրագրին և բխում է 2021-2026թթ.-ի պետական զարգացման ծրագրի կրթական նպատակներից:
Նշված բնակավայրերում նորոգման և կահավորման աշխատանքներ են իրականացվել, և այս հաստատությունները պատրաստ են ընդունելու մինչև 6 տարեկան շուրջ 90 երեխաների։ Ավելին, Քարկոփ բնակավայրում կառավարության կողմից ֆինանսավորված սուբվենցիոն ծրագրի շնորհիվ առաջիկայում այլընտրանքային ծառայությունը աստիճանաբար կփոխարինվի նախադպրոցական կրթության պետական ծրագրով:
Պետություն-համայնք համատեղ ներդրման շնորհիվ ամբողջովին և կապիտալ վերանորոգվել է բնակավայրի մանկապարտեզի վարչական շենքը՝ ապահովելով բնակավայրի մանկահասակ երեխաների պատշաճ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներակայացուցիչն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը փոքր համայնքների համար մշակել է մանկապարտեզի այլընտրանքային մոդել՝ կարևորելով երեխաների կենտրոն հաճախելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակներում նախորդ ամիս մանկապարտեզներ բացվեցին Անտառամուտ և Գեղասար բնակավայրերում, իսկ նախկինում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերով այլընտրանքային մանկապարտեզներ էին բացվել նաև Շամուտ, Ահնիձոր, Մարց և Ջիլիզա բնակավայրերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-08-18 11:39:28