Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորում Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզահամալիր կկառուցվի
02.08.2022
Կառավարության որոշմամբ առաջիկայում Վանաձորում կկառուցվի աշխարհահռչակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի անվան մարզահամալիր: Ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց WBA, WBC և IBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնին և կառավարության ներկայացուցիչներին:
Լոռու մարզպետն իր երախատագիտությունը հայտնեց աշխարհահռչակ մարզիկին՝ համայն հայությանը բերկրանքի և հպարտության պահեր պարգևելու, անգերազանցելի հաղթանակների համար և նշեց, որ նրա ներդրումը հայ բռնցքամարտի զարգացման գործում անգնահատելի է:
Վիկ Դարչինյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ դպրոցի կառուցման և Հայաստանում բռնցքամարտի՝ իր կողմից հիմնադրվելիք ակումբների գործունեության հետ կապված հաճախակի կլինի հայրենիքում ու մասնավորապես՝ ծննդավայր Վանաձորում:
Կողմերը քննարկեցին դպրոցի կառուցման տեղանքի հետ կապված հարցեր, ապա շրջեցին Վանաձորում՝ կառուցվելիք համալիրի համար տարածք դիտարկելու նպատակով: