Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կենդանիների պարտադիր համարակալման և հաշվառման պետական ծրագիրը քննարկվեց Լոռու մարզում
28.07.2022
Կառավարության որոշմամբ 2022 թվականի հոկտեմբեր ամսից ՀՀ-ում կներդրվի և կգործարկվի խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ՝ ըստ գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության տվյալների: Գործընթացը իրականացվում է ՀՀ էկոնոմիակայի նախարարության նախաձեռնությամբ և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աջակցությամբ:
Համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ են անցկացվում ՀՀ մարզերում: Այսօր ոլորտի ներկայացուցիչները Լոռու մարզում էին՝ մարզպետարանի պատասխանատուների և շահագրգիռ այլ կառույցների մասնակցությամբ քննարկելու ծրագրի մանրամասները:
Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Հովհաննես Բատիկյանը, մարզպետարանի, համապատասխան ոլորտի աշխատակիցներ, խոշորացված համայնքների, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ֆերմերներ և անասնաբույժներ։
Խոսելով «Անասնագլխաքանակի համարակալման պետական ծրագրի» կարևորության մասին և ներկայացնելով առավելությունները՝ բանախոսները նշեցին, որ ծրագրի ներդրումը մեծ նշանակություն կունենա գյուղատնտեսության զարգացման համար, մասնավորապես կնպաստի անասնապահության և անասնաբուժության զարգացմանը, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգությանը, ֆերմերների եկամուտների աճին։
Նրանք պատասխանեցին նաև ներկաների հարցերին, գործընթացի իրականացման հետ կապված մտահոգություններին, որոնք հիմնականում վերաբերում էին ֆերմերների կողմից անասնագլխաքանակը թաքցնելու արատավոր գործելակերպին: