Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնի բացման արարողությունը

26.07.2022

Ստեփանավան խոշորացված համայնքի 20 բնակավայրերի ավելի քան18.500 բնակիչներ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծառայություններից այսուհետ կօգտվեն մեկ պատուհանի սկզբունքով։ Այսօր տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Լոռու մարզի Ստեփանավանի տարածքային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Լոռու մարզպետարանի և նախարարության պաշտոնյաներ, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը կարևորել է միասնական համակարգի միջոցով շահառուների կարիքների գնահատման ապահովումն, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացումը․
-Այժմ հանրապետությունում գործում է Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոն, որոնցից 12-ը գտնվում է շինարարական փուլում։ Բացի շենքային պայմաններից, կարևորում ենք նաև ՄՍԾ աշխատակիցների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման ապահովումն, ինչը կարող է մեծապես նպաստել տրամադրվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը,-ասել է նախարարը:
Նա նշել է նաև, որ քանի որ քաղաքացիների հետ տարվող աշխատանքներում անմիջականորեն ներգրավված են նաև սոցիալական աշխատողները, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում են վերջիններիս վերապատրաստման դասընթացներ։
Լոռու մարզում Միասնական սոցիալական ծառայության հերթական տարածքային կենտրոնի բացման առիթով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր խոսքում ողջունել և շնորհավորել է Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչներին.
-Վստահ եմ, տարածաշրջանի բնակիչների համար մեկ պատուհան սկզբունքով սպասարկումը շատ հարմարավետ կլինի: Բացի այդ, նման հարմարավետ և բարեկեցիկ պայմաններում քաղաքացիների սպասարկումը ևս դրական արդյունք կունենա,-ասել է մարզի ղեկավարը:
Պաշտոնյաները շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծառայությունների մատուցման հնարավորություններին։ Վերջիններս կարևորել են տարածքային նոր կենտրոնի դերը՝ Լոռու մարզում սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատանքներն առավել հասցեական ու համակարգված դարձնելու, ինչպես նաև ընտանիքների կարիքներին համապատասխան բազմաբնույթ ծառայություններ տրամադրելու ուղղությամբ։
Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 294,5 մլն դրամ, հնարավորություն կտա Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38