Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում իրենց ամառային հանգիստն են անցկացնում 250 ճամբարականներ. փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը հյուրընկալվեց նրանց

18.07.2022

Լոռվա գեղատեսիլ բնության գրկում արդեն 21-րդ անգամ իր հյուրընկալ դռներն է բացել Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարը։
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և «Ծիծեռնակ» ճամբարի համակարգող Սևակ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց «Ծիծեռնակ» և հարևանությամբ գործող՝ Հրանտ Դինքի անվան թեմապատկան «Կռունկ» մանկապատանեկան ճամբարներ։
Այժմ ճամբարում հանգստանում են 7-14 տարեկան շուրջ 250 երեխաներ, ովքեր մասնակցում են ճամբարային խաղերին, փողային նվագախմբի համերգներին, ամենօրյա հանդիսություններին ու տարբեր կրթադաստիարակչական հանդիպումներին։ Երեխաներին 4-անգամյա սնունդ է տրվում, իսկ շոգ օրերին նրանք հնարավորույթյուն ունեն օգտվել բացօթյա լողավազանից։
Սրբազանի հետ զրույցի ընթացքում Հ. Ավետիսյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն հայտնեց ճամբարի աշխատակազմին և կարևորեց թեմապատկան ճամբարների նվիրական առաքելությունը, որն ավելի քան երկու տասնամյակ շարունակում է հոգալ տարբեր մարզերից եկող երեխաների ամառային անմոռանալի հանգստի մասին, և պատրաստակամություն հայտնեց մարզպետարանի լիազորությունների շրջանակներում օժանդակել ճամբարային նախաձեռնություններին:
- Ճամբարը ոչ միայն ապահովում է երեխաների հանգիստն, այլև կատարում է կրթադաստիարակչական առաքելություն՝ իր մշակութային, սպորտային և ժամանցային բաղադրիչների շնորհիվ։ Վստահ եմ՝ ճամբարականները տուն են վերադառնում հայրենասիրական և քրիստոնեական արժեքներով կրթված։ Այստեղ նաև տարբեր սոցիալական խմբերի երեխաներ են գալիս․ սա ևս նպաստում է երեխաների ինտեգրմանը հասարակություն,- իր խոսքում ասաց Հովհաննես Ավետիսյանը։
Մարզպետի տեղակալը շրջեց ճամբարի տարածքում, ծանոթացավ պայմաններին, զրուցեց երեխաների հետ։ Ճամբարականները մարզպետի տեղակալին վստահեցին, որ իրենց ճամբարային առօրյան բավական հագեցած է, սնունդը՝ համեղ, իսկ ջոկատավարները ջերմ ու ընկերական են։ Երեխաներն այժմ պատրաստվում են ճամբարի փակման տողանի հանդիսավոր արարողությանը։
Ճամբարի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը հյուրերի պատվին հանդես եկավ կատարումներով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22