Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում մեծ թափով ընթանում են սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի և վարկային միջոցներով իրականացվող աշխատանքները. բարձրաստիճան պաշտոնյաները ծանոթացան իրականացվող ծրագրերի ընթացքին
04.07.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հուլիսի 2-ին Լոռու մարզ կատարած այցի շրջանակում եղել են Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Լոռի Բերդ, Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում, ծանոթացել պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող աշխատանքներին, տվել է մի շարք հանձնարարականներ։
Աշխատանքային այցի ընթացքում նրանց են միացել նաև Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, համայնքապետեր, այլ պատասխանատուներ։
Վանաձոր համայնքում այցելություն է կատարվել կառուցվող թիվ 8 մանկապարտեզի նոր մասնաշենքի, Աղայան փողոցի 1 կմ հիմնանորոգվող ճանապարհի շինարարական հրապարակներ: Պաշտոնյաները ծանոթացել են 2021 թվականին սուբվենցիայի ծրագրերով մեկնարկած աշխատանքների ընթացքին, այնուհետև եղել Սայաթ Նովայի անվան վերակառուցվող զբոսայգում, որտեղ պաշտոնյաներին ներկայացվել են 43000 քմ մակերեսով այգու արդիականացման աշխատանքները։
Նրանք Վանաձորի Համերաշխության պուրակում հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։
Հաջորդ կանգառը եղել է Ալավերդի և Թումանյան համայնքներում, որտեղ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հիմնանորոգվել են Սանահին կայարան-Հաղպատ 14,16 կմ երկարությամբ ճանապարհը, այդ թվում՝ Ալավերդի քաղաքը շրջանցող զույգ կամուրջները։ Այցելույթուն է կատարվել նաև Թումանյան-Սանահին կայարանի 9,69 կմ երկարությամբ ճանապարհի շինհրապարակ, որտեղ ներկայում իրականացվում են միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման աշխատանքներ։
Ալավերդի համայնքի Ակներ բնակավայրում՝ դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածում, 2022-2023 թվականների ընթացքում նախատեսվում է հիմնանորոգել զբոսաշրջության զարգացման համար ընտրված, անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը։ Պաշտոնյաները նաև այդ ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին են ծանոթացել, որից հետո այցելել են Լոռի Բերդ համայնք, որտեղ ավարտվել են 2021 թվականին մեկնարկած Կողես բնակավայրի 580 մ երկարությամբ ճանապարհի տուֆ քարով սալարկման աշխատանքները։
Աշխատանքային այցի վերջին երկու կանգառները եղել են Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում, որտեղ «ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակում համապատասխանաբար իրականացվում են Ստեփանավան համայնքի կամրջի և Մ-3 միջպետական ճանապարհի, ինչպես նաև Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 144-020-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներ։ Նշված երկու համայնքներում աշխատանքների մեկնարկը տրված է․ դրանք կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։