Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին մարզում գենդերային հիմնահարցերի մեղմման նպատակով իրականացվող ծրագրերը
01.07.2022
Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզի գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ավետիսյանը: Նիստը հրավիրվել էր Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ: Ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիկինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Էռնա Անտոնյանը, Լոռու մարզում գենդերային հարցերով զբաղվող և գործունեություն ծավալող ՀԿ-ների, Լոռու մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, Ոստիկանության Լոռու մարզային վարչության ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ:
Հ. Ավետիսյանը կարևորեց ներկաների դերակատարությունը՝ ոլորտում մեծ և հաջողված ծրագրեր իրականացնելու գործում և շնորհակալություն հայտնեց նրանց մարզում տարվող աշխատանքների համար:
Նիստի օրակարգային հարցերի շրջանակներում ներկայացվեցին Լոռու մարզում իրականացվող կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականությանն ուղղված ծրագրերը, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ուղղությամբ տարվող գործընթացները, ծնողավարության հետ կապված՝ մարզում առկա խնդրահարույց հիմնահարցերի հաղթահարման ուղիները:
Մասնավորապես, անդրադարձ եղավ տեղական «Վիննեթ Վանաձոր» կանանց և երիտասարդների զարգացման ՀԿ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում Հայաստանում ժողովրդավարության խորացման համար», Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» եռամյա տարածաշրջանային և Երիտասարդների լիդերության դպրոցի «Նախաձեռնողական մասնակցությունը ժողովրդավարության կայացմանը. թափանցիկ կառավարում տեղական մակարդակում» ծրագրերին:
Ամփոփելով նիստը՝ ներկաները քննարկեցին համագործակցության ընդլայնման հարցեր և պատրաստակամություն հայտնեցին գնահատել միմյանց ռեսուրսները՝ օգտակար և նպատակային գործելու համար: