Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցում է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին

30.06.2022

Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, Ֆրանսիայում է՝ մասնակցելու հունիսի 29-ին և 30-ին Լիոնում անցկացվող Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին: Այն կրում է «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցություն. աջակցություն կայուն տարածքների զարգացմանը» խորագիրը: Մարզի պատվիրակության կազմում են Ալավերդի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր համայնքների ղեկավարները և ներկայացուցիչներ:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Համաժողովը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Հայաստանի համայնքների միության, «Ֆրանսիայի միավորված քաղաքներ» կազմակերպության կողմից՝ ՀՀ արտաքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ:
Համաժողովը մեկնարկել է երկու երկրների օրհներգերով, հարգանքի տուրք է մատուցվել մեծանուն հայ Պատրիկ Դևեջյանի հիշատակին։
Համաժողովի առաջին օրը հնչել են արարողակարգային ինստիտուցիոնալ ելույթներ 《Ֆրանսիայի միավորված քաղաքներ》 կազմակերպության «Հայաստան» խմբի նախագահ Սոնիա Զդորովցոֆֆի, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի կողմից: Նույն օրն անց է կացվել պլենար կլոր սեղան «Տարածքային բարեփոխումներ, մարտահրավերներ և հիմնախնդրներ» թեմայով: Թեմատիկ աշխատանքներ են տարվել «Խելացի կայուն քաղաքներ», «Գյուղական զարգացում և գյուղատնտեսություն», «Զբոսաշրջություն» ուղղություններով: Աշխատաժողովների ընթացքում կազմակերպվել է նաև ցուցահանդես Լոռի-ՊԱԿԱ համագործակցության վերաբերյալ:
Համաժողովի 1-ին օրը հագեցած էր հատկապես Լոռու պատվիրակության համար։ Հանդիպում է տեղի ունեցել Պրովանս Ալպեր Լազուրի Ափ հարավային ռեգիոնի հայաստանյան ծրագրերի ներկայացուցչի հետ։ Քննարկում է ծավալվել ընթացիկ ծրագրերի վերաբերյալ, առաջարկվել է Սպիտակ և Տաշիր համայնքների հետ համագործակցություն համար նախատեսել համայնքներ ՊԱԿԱ ռեգիոնից։ Նույն օրը գործընկերային պայմանագիր է կնքվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և ֆրանսիական «Սոլգես էներգիան» կազմակերպության միջև։ Արդյունքում՝ Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրում 2023թ. կհիմնադրվի այլընտրանքային էներգիայի արտադրություն՝ նորարարական լուծումներով։
Այս առիթով մարզպետ Արամ Խաչատրյանը առանձնազրույց է ունեցել ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչների, դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի, դեսպան Անն Լույոյի, նախարարությունների ներկայացուցիչների հետ։
Երեկոյան Լոռու մարզի պատվիրակությունը Լիոնի քաղաքապետարանում մասնակցել է պաշտոնական երեկոյի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38