Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակի ԲԿ-ին և Սարահարթի դպրոցին տրամադրվեցին գույք ու սարքավորումներ

29.06.2022

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ.Թրեյսին, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ, պատասխանատու այլ անձինք ներկա գտնվեցին Սպիտակի բժշկական կենտրոնին և Սարահարթ բնակավայրի միջնակարգ դպրոցին մարդասիրական աջակցության տրամադրման պաշտոնական արարողություններին:
Աջակցությունը տրամադրվել է դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից: Նախագծերն իրականացվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրի (US EUCOM's Humanitarian Assistance Program) շրջանակներում: Նախագծերի օգնությամբ Սպիտակի բժշկական կենտրոնին են տրամադրվել բուժսենյակային և խոհանոցային գույք ու բժշկական սարքավորումներ՝ COVID համավարակը հաղթահարելուց հետո հնամաշ գույքը փոխարինելու համար, իսկ Սարահարթի դպրոցին, ինչպես նաև Լոռու մարզի ավելի քան 15 համայնքների կրթօջախներին՝ դպրոցական գույք և կահույք:
Հյուրերը շրջայց կատարեցին բժշկական կենտրոնում, ապա՝ նաև դպրոցում: Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը իր երախտագիտությունը հայտնեց տիկին դեսպանին, առողջապահության նախարարությանը և Լոռու մարզպետարանին մշտապես աջակցելու և բուժհաստատության կողքին լինելու համար:
Սարահարթի միջնակարգ դպրոցին գույք տրամադրելու համար շնորհակալական խոսք հնչեցրեց նաև տնօրեն Ռուդիկ Խումարյանը:
Տիկին դեսպանը թե՛ Սպիտակի ԲԿ-ում, թե՛ դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառումների ժամանակ նշեց, որ ԱՄՆ կառավարությունը մեծագույն պատրաստակամությամբ է իրականացնում նմանատիպ բարեսիրական ծրագրերը և պատրաստակամ է այսուհետ ևս համագործակցելու ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի հետ:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից տիկին դեսպանին, դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին աջակցության ծրագրերի շարունակականության համար շնորհակալություն հայտնեց Գոռ Ասրյանը: Նա նշեց, որ բարձրակարգ մասնագետների և մարդկային ռեսուրսների պակաս մարզի թե՛ բուժհաստատությունները, թե՛ կրթօջախները չունեն, սակայն երբ դրանք համալրվում են բարձրորակ սարքավորումներով և գույքով, աշխատանքը լինում է առավել արդյունավետ և բարձրորակ:
-Մենք կարևորագույն խնդիր ունենք ապակենտրոնացնելու մատուցվող ծառայությունները՝ դրանք տեղափոխելով ավելի փոքր համայնքներ, գյուղեր և այդ նպատակին հասնելու համար շատ կարևոր է, որ նմանատիպ ծրագրեր են իրականացվում մայրաքաղաքից և մարզկենտրոններից դուրս,-ասաց Գոռ Ասրյանը:
Ներկաները շրջեցին Սպիտակի ԲԿ-ում և Սարահարթի դպրոցում, ծանոթացան ստեղծված պայմաններին:
Հարկ է նշել, որ Լոռու մարզում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ իրականացվող նմանատիպ ծրագրերի կյանքի կոչմանը մեծապես աջակցում են ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի Միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը և Վանաձորում բարեգործական բազմաթիվ ծրագրերի նախաձեռնող Լիլիա Աբրահամյանը:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38