Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի շնորհավորագրերով պարգևատրվեցին «ԴԻՋԻԿՈԴ-2022» մրցույթի լոռեցի մրցանակակիրները
21.06.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր ընդունեց «ԴԻՋԻԿՈԴ-2022» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթում հաղթանակներ գրանցած աշակերտներին և նրանց խմբավարներին։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ:
Հ. Ավետիսյանը մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն հայտնեց խմբավարներին նվիրական աշխատանքի, իրենց գիտելիքներով մարզի պատանիների հետ կիսվելու, երեխաների նորարարական գաղափարները խրախուսելու և նոր հմտություններով նրանց օժտելու համար: Բարձր գնահատելով մրցույթում պատանիների գրանցած արդյունքները՝ փոխմարզպետը կոչ արեց նրանց շարունակել ակտիվորեն ստեղծագործել թվային ոլորտում և հեռանկարային բարձունքներ գրավել:
Հ.Ավետիսյանը շնորհավորագրերով պարգևատրեց Վանաձորի Ավետիք Իսահակայանի անվան Վանաձորի թիվ 2 դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի սան Հովիկ Մարտիրոսյանին՝ «ԴԻՋԻԿՈԴ-2022» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի «Վիրտուալ լաբորատորիա STEM առարկաների թեմայով» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար: 13-ամյա Հովիկի ստեղծած սննդի պատրաստման սարքը լավագույնն էր ճանաչվել մրցույթում:
Լոռու մարզի Շենավանի դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի 10-ամյա աշակերտներ Ավետ Դունամալյանի և Հովհաննես Կարապետյանի նախագծած անօդաչու որսացող և ոչնչացնող սարքը ևս հաղթել էր ծրագրավորման մրցույթում և մրցանակային տեղ գրավել «Փայթըն ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգում:
Մրցանակակիր աշակերտներ պատրաստելու համար պարգևատրվեցին նաև «Արմաթ» լաբորատորիայի խմբավարներ Արմինե Մնացականյանը և Վաղինակ Գևորգյանը:
Փոխմարզպետը նշեց, որ Լոռու մարզպետարանն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի լաբորատորիաներին միջազգային մրցույթներում լավագույնս ներկայանալու համար: