Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում ամփոփվեցին մամոգրաֆիկ հետազոտությունների ազգային ծրագրի արդյունքները
17.06.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր ընդունեց ՀՀ առողջապահութան նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին, Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանին: Հանդիպման նպատակն էր ներկայացնել Լոռու մարզում շուրջ մեկուկես տարի տևած մամոգրաֆիայի ազգային ծրագրի արդյունքները և խրախուսել այս գործում բարձր կատարողական ցուցանիշ ապահովող ԱԱՊ օղակի բուժհաստատություններին:
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, վարչության պատասխանատու մասնագետներ, մարզային բուժհաստատությունների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին՝ փոխմարզպետը կարևորեց ծրագրի իրականացումը՝ նշելով, որ այն բարեհաջող և կանխարգելիչ դեր է ունեցել մարզում: Հ. Ավետիսյանը հորդորեց բուժհիմնարկների ներկայացուցիչներին ակտիվորեն աշխատել բնակչության հետ, որպեսզի հետևողական և պատշաճ կատարվեն կանխարգելիչ բոլոր հետազոտությունները:
Ծրագրի արդյունքում հաջողվել է փրկել շուրջ 120 կնոջ կյանք, իսկ 9000 կանայք՝ անցնելով համապատասխան ստուգումներ համոզվել են, որ չունեն կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված առողջական խնդիրներ: 1.5 տարվա ընթացքում շարժական մամոգրաֆը տեղակայվել է Լոռու մարզի բոլոր քաղաքներում՝ սպասարկելով 50-69 տարեկան 10.110 կանանց: Ախտորոշումը հստակեցնելու նպատակով 846 կին ուղեգրվել է լրացուցիչ հետազոտությունների, 138 կնոջ (1.3%) մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը հաստատվել է, 121 հիվանդի տրամադրվել է մասնագիտացված բուժօգնություն:
Ա. Նազարյանը շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետարանին ծրագրի իրականացմանն օժանդակալու հարցում, բուժհիմնարկներին՝ համավարակի պայմաններում կանանց ակտիվ ներգրավվածությունն ապահովելու համար և արձանագրեց, որ ծրագրի իրակացման և հետազոտության համար դիմելիության գործում մեծ ակտիվություն են ցուցաբերել Ճոճկանի բժշկական ամուլատորիան, Թումանյանի, Արևածագի, Աքորու առողջության առաջնային պահպանման կենտրոնները, Տաշիրի, Սպիտակի, Ալավերդու բժշկական կենտրոնները, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկան:
Լոռու մարզի վերոհիշալ 8 բուժհաստատությունները ծրագրի իրագործման լավ արդյունքների համար նվեր ստացան համակարգիչներ և տպիչ սարքեր՝ «ԱրՄեդ» առողջապահական համակարգը ներդնելու և արդյունավետ աշխատելու համար:
Կողմերը կարևորեցի ծրագրի շարունակականության ապահովումը: