Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արյան դոնոր դարձան նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ
14.06.2022
Այսօր Արյան դոնորների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզի արյան փոխներարկման կայանում կազմակերպվել էր արյունատվության ակցիա, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, փոխմարզպետներ Հովհաննես Ավետիսյանը և Գոռ Ասրյանը, մարզպետարանի առողջապաhության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ պաշտոնյաներ, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարներ, բուժաշխատողներ, կամավորներ:
Օրվա առթիվ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել. ներկաներն իրենց ելույթներում կարևորեցին և արժևորեցին դոնորության գաղափարը:
Իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց թեմի առաջնորդը: Նա նշեց, որ մարդկանց օգտակար լինելը, կյանքեր փրկելը աստվածահաճո գործ է:
Մարզի ղեկավարն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ակցիան նախաձեռնելու համար, նշեց, որ սիրով պատրաստ է հանդես գալու որպես դոնոր և կոչ է անում բոլորին միանալ այս կարևոր նախաձեռնությանը և փրկել կյանքեր:
-Այսօր նվիրական օր է, այսօր նվիրյալների օրն է։ Դոնոր բառը ինձ մոտ մշտապես ասոցացվում է «կյանք» բառի հետ։ Արյան դոնորի դերն ու նշանակությունը ավելի ու ավելի է մեծանում պատերազմների ժամանակ, երբ յուրաքանչյուրի կյանք փրկելն ինքնին հերոսություն է։ Դոնորը մեր խաղաղ օրերի հերոսն է։ Դոնորը միշտ աներևույթ կանգնած է յուրաքանչյուր վիրաբույժի թիկունքին, երբ նրա առջև կյանք աղերսող հիվանդն է։ Իսկ վիրաբույժը վստահ է, որ կհաղթի մահին, քանզի դոնորն իր անտեսանելի զինակիցն է, իր հզոր թիկնապահը, իրեն թև տվողը։ Միշտ լինեք առողջապահության բնագավառի թև տվող ուժը, սիրելի՛ դոնորներ,-ասաց նա:
Լոռու մարզի արյան փոխներարկման կայանի տնօրենին և աշխատակիցներին Վանաձորի բժշկական կենտրոնի կողքին մշտապես լինելու և դեպքերին արագ արձագանքելու համար շնորհակալության խոսք ասաց նաև բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը:
Լոռու մարզի արյան փոխներարկման կայանի տնօրեն Լիանա Մուրադյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին, սրբազանին, բոլոր ներկաներին, դոնորներին, աջակիցներին իրենց կողքին լինելու, դոնորության գաղափարը կարևորելու և հանրայնացնելու համար.
-Այս միջոցառման նպատակն է տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնել մշտական դոնորներին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը` որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում,-իր խոսքում նշեց տնօրենը։