Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանի և «Դիակոնիա» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
14.06.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «Դիակոնիա» հիմնադրամի տնօրեն Պարույր Ջամբազյանին, ծրագրերի բաժնի ղեկավար Հայկուհի Մելքոնյանին և կազմակերպության մարզային համակարգողներին:
Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Տարիներ շարունակ «Դիակոնիա» հիմնադրամը բազմաբնույթ բարեգործական ծրագրեր է իրականացնում Լոռու մարզում՝ նպաստելով բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ու բարեկեցության ապահովմանը:
- Դուք չափազանց կարևոր և մեծ ծրագրեր եք իրականացնում մեր մարզում: Ձեր նվիրումը սահմաններ չունի, փոխանցեք ձեր գործընկեր դոնորներին, որ մենք անչափ շնորհակալ ենք իրենց, դուք իրական բարեգործներ եք,- իր խոսքում ասաց Լոռու մարզպետը:
«Դիակոնիա» հիմնադրամի ներկայացուցիչները ևս շնորհակալություն հայտնեցին մարզպետարանին համագործակցության համար և նշեցին, որ իրենց դոնորները միջին հնարավորությունների տեր մարդիկ են, ովքեր, անտարբեր չլինելով շրջապատի հանդեպ, լուրջ ծրագրեր են հովանավորում:
Այս պահին հիմնադրամի ջանքերով մեծ ծրագիր է իրականացվում՝ ուղղված պատերազմից տուժած 3 շահառու ընտանիքներին. ծրագրի արդյունքում կլուծվի նրանց զբաղվածության խնդիրը: Հիմնադրամի շնորհիվ այժմ գյուղատնտեսական կարևոր ծրագիր է իրականացվում Սպիտակի տարածաշրջանի 4 բնակավայրերում. 97 հա տարածքում աճեցվում են կորնգան և կտավատ:
Կազմակերպության ղեկավարները նշեցին, որ պատրաստ են օժանդակել ՏԻՄ-երին համայնքային զարգացման ծրագրեր իրագործելու հարցում: Արամ Խաչատրյանի հետ զրույցում նրանք ընդգծեցին, որ հետաքրքրված են համայնքների հետ համատեղ ուժերով նախագծեր իրականացնել համայնքների զարգացման համար:
Հանդիպման ավարտին Լոռու մարզպետարանի և «Դիակոնիա» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Ստորագրելով հուշագիրը՝ կողմերը փոխադարձ գործակցության նոր նշաձող սահմանեցին:
Կյանքի կկոչվի համատեղ պիլոտային մի նախագիծ, որը եզակի կլինի իր բնույթով և սոցիալական լուրջ խնդիր կլուծի մարզում: