Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկեց ամառային զորակոչը
13.06.2022
Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկները՝ Վանաձոր խոշորացված համայնքից։
Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածքից նորակոչիկներին հանդիսավորությամբ ճանապարհելու էին եկել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և համայնքային պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:
Զորակոչիկներին օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը տղաներին մաղթեց առողջություն, խաղաղ ու անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:
-Այսօր դուք հայրենասիրության և հայ տղամարդուն վայել արժանապատվության գիտակցությամբ եք համալրում մեր բանակի շարքերը։ Դուք գնում եք փոխարինելու ձեր ավագ ընկերներին և ստանձնում եք հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։ Տղե՛րք, ոչ մի իրավիճակում չկորցնեք ձեր զգոնությունը, եղե՛ք միասնական, հոգատար եղե՛ք միմյանց նկատմամբ, դժվարությունները հաղթահարեք ուս ուսի տված՝ միասնական ուժով։ Թող ձեր ծառայությունը խաղաղ լինի և բոլոր կրակոցները լինեն միայն ուսումնական,-ասաց նա։
Նորակոչիկները ստացան նվեր-պարագաներ, աղոթագրքեր և խաչեր, որից հետո, հրաժեշտ տալով հարազատներին, ուղևորվեցին կենտրոնական հավաքակայան։