Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը Լոռու մարզում էր
10.06.2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը այցելել է Լոռու մարզ, որտեղ մեկ տասնյակից ավելի պաշտոնական և մասնավոր հանդիպումներ է ունեցել։
Աննա Հակոբյանի այցը Լոռու մարզ սկսվել է Վանաձորից: Առաջին կանգառը Վանաձորի բժշկական կենտրոնն է եղել, որտեղ նրան դիմավորել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, բուժկենտրոնի տնօրենը:
Բուժկենտրոնի անձնակազմը Աննա Հակոբյանին ուղեկցել է ծննդաբերական բաժանմունք, որտեղ 3 օրում ծնվել է 23 երեխա` 16 տղա և 7 աղջիկ: Վարչապետի տիկինը տեսակցել է բոլոր նորածիններին: Նրանց մայրերին նվիրելով ծաղկեփունջ` Աննա Հակոբյանն ընդգծել է, որ ծնողներից է կախված իրենց երեխաների ապագան և հույս հայտնել, որ նրանք մեծ ուշադրություն կդարձնեն իրենց զավակների առողջությանն ու կրթությանը։
Աննա Հակոբյանին ներկայացվել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի նորաբաց ֆիզիոթերապիայի բաժանմունքը: Այն գործում է այս տարվա փետրվարից և վերազինվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ: Բաժանմունքը պատերազմի մասնակիցների համար ծառայում է որպես վերականգնողական կենտրոն, քաղացիական անձանց նույնպես մատուցվում են ծառայություններ: Այն վերազինված է եվրոպական բարձր ստանդարտներին համապատասխանող լավագույն սարքավորումներով: Բաժանմունքի վարիչ Արթուր Մխիթարյանի խոսքով` այն իր հնարավորություններով Հայաստանում երկրորդն է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից հետո:
Վանաձոր այցի շրջանակներում Աննա Հակոբյանը եղել է նաև Ստեփան Զորյանի տուն-թանգարանում, Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում, «Սաբինե» փոքր խմբով տանը, խնամատար ընտանիքում:
Լոռու մարզ այցելության հաջորդ կանգառը Դարպաս գյուղն էր, որտեղ վարչապետի տիկինը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Ավետյանի ընտանիքի հետ։