Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցությունը՝ երկարաժամկետ ծրագրերի նոր սկիզբ Լոռու մարզում

10.06.2022

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր ընդունեց Ֆրանսիայի Հարավային Պրովանս-Ալպեր Լազուրե ափ ռեգիոնի արտաքին կապերի պատասխանատու Քիմ-Ան Քենիբոլին և հայաստանյան ծրագրերի պատասխանատու Սեսիլ Էլիզալդին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Այցի նպատակն էր Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի ներկայացուցիչների հետ, 2008 թվականից կնքված և 2019-ին վերակնքված համաձայնագրի շրջանակներում, ամփոփել արդեն իսկ իրականացված համատեղ ծրագրերը և քննարկել հետագա անելիքները:
- Շնորհակալ ենք մեր մարզում կատարված արդյունավետ աշխատանքի համար: Մենք վերահաստատում ենք հետագա համագործակցության շարունակականությունը, հույս ունենք՝ միասին կարող ենք շատ ծրագրեր իրականացնել առաջնահերթ ուշադրություն պահանջող ոլորտներում,- իր խոսքում ընդգծեց Հ. Ավետիսյանը:
Ֆրանսիայի Հարավային Պրովանս-Ալպեր Լազուրե ափ ռեգիոնի և Լոռու մարզի համագործակցության արդյունքում երկարաժամկետ ծրագրեր կիրականացվեն տուրիզմի, առողջապահության, կրթության, էներգարդյունավետության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում: Ռեգիոնալ խորհրդի ներկայացուցիչները երկօրյա այցի շրջանակներում կշրջեն այն կառույցներում, որտեղ պատրաստվում են ներդրումային ծրագրեր իրագործել:
- Մենք ևս վերահաստատում ենք մեր օժանդակությունը և համագործակցությունը Հայաստանի հետ: Մինչ այժմ մենք հրատապ օգնության ծրագրեր ենք իրականացրել, հիմա նպատակ ունենք երկարաժամկետ ստրատեգիական ծրագրեր իրագործել,- ասաց Քիմ-Ան Քենիբոլը և հավելեց, որ այս նպատակով սեպտեմբեր ամսին նախատեսվում է ՊԱԿԱ ռեգիոնի նախագահի այցը Լոռի:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով, այնուհետև Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հ.Մկրտչյանի ուղեկցությամբ հյուրերն ուղևորվեցին Վանաձորի թիվ 3 դպրոց, ուր համագործակցության շրջանակներում ՊԱԿԱ ռեգիոնի ֆինանսավորմամբ և «Հայաստան» հիմնադրամի օժանդակությամբ տեղադրվել են արևային վահանակներ:
Ֆրանսիացի հյուրերն այցելել են նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, շրջայց կատարել ՎՏԿ-ում, ծանոթացել ծրագրերին, քննարկել համագործակցության հետագա հնարավորությունները։
Նրանք եղել են նաև «Ցավեր առանց սահմանների» կազմակերպությունում, քննարկել և ամփոփել վերջին շրջանում կատարված աշխատանքներն, ապա աշխատանքային օրը շարունակել Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում՝ դիտարկելու թանգարանի զարգացման մեծ և հեռանկարային նոր ծրագրի իրականացման հնարավորությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38