Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզը Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում մրցանակակիրների թվով առաջին տեղում է․ մարզի ղեկավարի անունից պատվոգրեր են հանձնվել լավագույններին
01.06.2022
Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում մրցանակակիրների թվով մարզերի մեջ առաջատարը Լոռին է։ Այսօր նրանց նվիրված գեղեցիկ ու հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալագրեր հանձնվեցին մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին, մրցանակակիր աշակերտներ պատրաստելու համար՝ նաև նրանց ուսուցիչներին։ Շնորհակալագրերը հանձնեցին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը։
Գոռ Ասրյանը ողջույնի խոսքում իր և մարզի ղեկավարի անունից շնորհավորեց աշակերտներին մարզի պատիվը բարձր պահելու ու նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
- Սիրելի՛ երեխաներ, աշակերտնե՛ր, մեր վաղվա օրը դուք եք կերտելու․ ես մեծ հույս ունեմ, որ ավելացնելու եք ձեր գիտելիքների պաշարը՝ հանուն մեր հայրենիքի հզորացման։ Մենք էլ մեր ամենօրյա աշխատանքում անում և անելու ենք հնարավորը, որ դուք հաջողեք։ Իհարկե, այդ աշխատանքի մեծ բաժինը ձեր ուսուցիչներինն է։ Այս տարվա արդյունքն ապացույցն է այն բանի, որ նրանք ջանք ու եռանդ չեն խնայում ձեզ՝ որպես հայրենիքին արժանի զավակներ, կրթված և գիտակից քաղաքացիներ դաստիարակելու համար,- ասաց նա։
*Այս տարի Լոռու մարզից Դպրոցական առարկայական օլիմպադաների հանրապետական փուլին մասնակցության ուղեգրեր էին վաստակել մարզային փուլում հաջողություն գրանցած 129 աշակերտներ․ նրանցից մրցանակային տեղեր են զբաղեցրել 60-ը։ Նախորդ տարի հանրապետական փուլին մասնակցել էր 115 աշակերտ, մրցանակային տեղ զբաղեցրել՝ 52-ը։
Մարզի աշակերտներից հանրապետական փուլում առաջին կարգի դիպլոմի է արժանացել 4 աշակերտ, երկրորդ՝ 9, 3-րդ կարգի՝ 25 աշակերտ և 22 աշակերտ արժանացել է գովասանագրի։
Ամենաշատ մրցանակային տեղերը եղել են քիմիա և հայ եկեղեցու պատմություն առարկաներից՝ 9-ական աշակերտ, երկրորդ տեղում հայոց լեզու առարկան է՝ 7 աշակերտով։
Նախնական զինվորական պատրաստություն առարկայի օլիմպիադան անց է կացվել թիմային ձևաչափով (7 աշակերտ), մարզի թիմը գրավել է 3-րդ տեղը։
Առաջին տեղի մրցանակակիրներ ենք ունեցել նաև Հայ գրականություն և հայոց պատմություն առարկաներից։