Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շահումյանի միջնակարգ դպրոց այցը «Դպրոցական սնունդ» ծրագրին ծանոթանալու նպատակ ուներ

30.05.2022

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ ներդրումներ է կատարել Լոռու մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցում խոհանոցի և ճաշարանի վերանորոգման, սարքավորումների ձեռքբերման համար՝ բարձրացնելով դպրոցի կարողությունները, ապահովելով անվտանգ, բազմազան և սննդարար կերակուր ավելի քան 90 դպրոցականների համար, որոնց մի մասը սոցիալապես անապահով ընտանիքներից է:
Դպրոցում ՊՀԾ-ն հիմել է նաև ինտենսիվ պտղատու այգի և ներդրումներ կատարել դպրոցում արևային կայան տեղադրելու համար՝ էլեկտրաէներգիայի ծախսերը խնայելու նպատակով:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, ԿԶՆԱԿ-ի հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն, ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական Մաքսիմ Սելեզնևը և այլ պաշտոնատար անձինք այսօր այցելեցին Շահումյանի միջնակարգ դպրոց՝ հետևելու «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին ու թե ինչպես են դպրոցահենք գյուղատնտեսական ներդրումները ներգրավում համայնքներին և որպես ուսումնական հարթակ ծառայում երեխաների և համայնքի անդամների համար։
Դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները հյուրերի համար առողջ բաղադրիչներով պիցցա պատրաստեցին՝ ցույց տալով նաև, որ ծրագրի շրջանակում սովորել են հետևել առողջ սննդակարգին։ Լոռու մարզպետի տեղակալը, կարևորելով համագործակցությունը կառույցների միջև, նշեց, որ ծրագրի շնորհիվ աշակերտները տաք և առողջարար սնունդ են ստանում։ Դեսպանատան նախարարի խորհրդականն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատարը նույնպես բարձր գնահատեցին կատարված աշխատանքը։
Լոռու մարզը «Դպրոցական սնունդ» ծրագրին է միացել 2010 թվականին: Լոռու 151 դպրոցների շուրջ 13.000 երեխաներ ստանում են ամենօրյա տաք սնունդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38