Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հյուրընկալել է «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի հանրապետական եզրափակիչ փուլում երրորդ տեղը գրաված թիմին
30.05.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի հանրապետական եզրափակիչ փուլում երրորդ տեղը գրաված Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտներին, դպրոցի տնօրենին և ֆիզկուլտուրայի ուսուցիչներին։
Մարզի ղեկավարը շնորհավորել է մասնակիցներին, մաղթել շարունակական ձեռքբերումներ։ Նա շնորհակալություն է հայտնել դպրոցի անձնակազմին աշակերտների շրջանում սպորտի հանդեպ սեր արմատավորելու, մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությունը բարձր մակարդակի վրա պահելու համար։
- Մեզ համար մեծ հպարտություն է, որ մեր դպրոցականները ձեռքբերումներ են ունենում նաև սպորտի բնագավառում։ Ես հավատացած եմ, որ հաջորդ մրցաշարերին ավելի բարձր հորիզոնականներ եք զբաղեցնելու,- նշել է Ա․ Խաչատրյանը:
Խճուղավազքի մրցաշարում մրցանակային տեղ գրավելու համար մարզպետը պատվոգրեր հանձնեց թիմի անդամներ Սյուզաննա Նալբանդյանին, Արմեն Մկրտչյանին, Մհեր Օհանյանին, Կարեն Աղաջանյանին, Գոռ Ղուկասյանին, Սամվել Մելքոնյանին, Ռուզաննա Աղաջանյանին։
Մրցանակակիր թիմ պատրաստելու համար մարզպետի կողմից պատվոգրի արժանացավ նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լևոն Հովհաննիսյանը։
Ներկաներին շնորհավորանքի խոսքեր հղեց նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը:
Դպրոցի տնօրենն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին մարզպետին գնահատանքի համար՝ նշելով, որ ուշադրությունը պարտավորեցնող է: