Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի մեկնարկը տրվեց Վանաձորի թիվ 3 դպրոցից
25.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը մեկնարկում է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որը կշարունակվի մինչև հոկտեմբեր ամիս:
Ծրագրի մեկնարկը տրվեց այսօր Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից: Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը: Հյուրերին դիմավորեց և նախաձեռնության իրականացման համար թիվ 3 դպրոցն ընտրելու համար շնորհակալություն հայտնեց տնօրեն Հեղինե Կոստանյանը: Դպրոցի աշակերտները հյուրերին դիմավորեցին գեղեցիկ պարային կատարումով:
Ողջունելով ներկաներին՝ Ա. Խզմալյանը ներկայացրեց նախաձեռնության նպատակը, այն է՝ կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապերի ամրապնդմանը, ինչը էական դերակատարություն կարող է ունենալ առավել զարգացած ու մշակութային հասարակության ձևավորման գործում:
Կարևորելով նախաձեռնությունը և ծրագրի մեկնարկը Լոռու մարզից տալու գաղափարը՝ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը փոխնախարար Արա Խզմալյանին, նախարարության և պատկերասրահի ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեցին մարզի դպրոցականներին բարձրագույն արվեստին հաղորդակցվելու հնարավորություն ընձեռելու համար:
Դպրոցի աշակերտները պատկերասրահի մասնագետների օգնությամբ ծանոթացան պատկերասրահի գործունեությանը, Մինասի ու Բաշինջաղյանի բարձրաժեք կտավներին, իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին մասնագետներին:
Ծրագրի առաջին փուլով Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան համայնքների և Տավուշի մարզի Դիլիջան և Չինար համայնքների հանրակրթական դպրոցի աշակերտներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ ծրագրում ընդգրկված 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների հայտնի ստեղծագործություններին: Տարբեր տարիքային՝ կրտսեր, միջին և ավագ խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Հեքիաթների աշխարհում», «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», «Փորագրանկարչության գաղտնիքները», «Բեմանկարչության արվեստը», «Ծովի տարերքը»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում կներկայացվեն համապատասխան ստեղծագործություններ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք կվարեն Պատկերասրահի լավագույն մասնագետները:
«ԴասԱրվեստ» ծրագրի շրջանակում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի և դասախոսությունների միջոցով աշակերտները կճանաչեն հայկական կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչներին, ձեռք կբերեն կերպարվեստին վերաբերող տարրական գիտելիքներ (այն է` կերպարվեստի տեսակներ ու ժանրեր, գեղանկարի և գրաֆիկայի տեխնիկաներ, նյութ և այլն), կծանոթանան թանգարանագետի և արվեստաբանի մասնագիտություններին, ինչպես նաև տեղեկություն կստանան Հայաստանում կերպարվեստի և աշխարհում` հայկական կերպարվեստի հավաքածուով խոշորագույն թանգարանի պատմության մասին:
6-ամսյա ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության մարզերի դպրոցների շուրջ 1000 աշակերտների հնարավորություն կտրվի ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահին և գործունեությանը: Կներկայացվեն պատկերասրահի պատմությունը, կառուցվածքը, թանգարանային առարկա հասկացությունը, դրա անվտանգության ու պահպանման կանոնները:
Այցի շրջանակներում փոխնախարարը՝ Ա. Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց նաև Լոռու մարզային գրադարան, հետևեց իրականացվող աշխատանքներին: