Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուրբ Հարության և Համբարձման տոներին նվիրված միջոցառում՝ Վանաձորի թիվ 2 դպրոցում
25.05.2022
Այսօր Վանաձորի թիվ 2 դպրոցում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Սուրբ Հարության և Համբարձման տոներին: Նախաձեռնությունը հետաքրքիր ու բացառիկ էր. հայկական ավանդական ծիսակատարության, երգ ու պարի, ավանդական պատմությունների և հոգևոր հետաքրքիր տեղեկությունների ներկայացում։ Ազգային կոլորիտով ձևավորված դահլիճում ցուցադրված էին երեխաների ձեռքի աշխատանքները:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները, Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան ավագ քահանա Ազարյանը, դպրոցի ծնողներ, հյուրեր տարբեր մշակութային և կրթական կառույցներից:
Դպրոցի տնօրեն Անիկ Ղռաթյանի նախաձեռնությամբ միջոցառումը կազմակերպել էին 6-րդ դասարանի աշակերտները՝ «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Ավալյանի գլխավորությամբ, դասղեկ Գայանե Միսակյանի, «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի Ռիմա Մելքոնյանի և աշխատակազմի բոլոր անդամների օգնությամբ: Ներգրավված էին նաև աշակերտներ բարձր դասարաններից:
Միջոցառման ավարտին տեր Վահան քահանա Ազարյանը օրհնեց երեխաներին և խոսեց տոնի խորհրդի մասին: Ներկաներին մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ողջունեց, գեղեցիկ և ուսուցողական միջոցառման կազմակերպման համար շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Մարիամ Պողոսյանը: