Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանի և ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան հետ համագործակցությամբ Լոռու մարզում կիրականացվեն էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրեր

12.05.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին էներգաարդյունավետության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Մարզի ղեկավարը, ողջուներով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հերթական անգամ մարզ այցելելու և կարճ ժամանակամիջոցում տարբեր ծրագրերի շուրջ ձեռքբերված նախնական պայմանավորվածությունները առավել գործնական հարթակ տեղափոխելու պատրաստակամության համար:
ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան հետ արդեն մի քանի համատեղ ծրագիր հաջողությամբ իրականացվել է. «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում տնկվել և խնամվում է «Լիտվական անտառը»՝ ի նշան հայ-լիտվական բարեկամության, Քովիդ 19-ի դեմ իրականացվել է պատվաստումային ծրագիր և այլն: Նախորդ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածություն էր ձեռքբերվել Լոռու մարզպետարանի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու էներգաարդյունավետության ոլորտում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ տիկին դեսպանը, մասնագետները հանգամանորեն ներկայացրել են էներգաարդյունավետության ոլորտում նախատեսվող ծրագրային առաջարկը: Ինչպես նշվել է, Լիտվայի դեսպանատունը Լիտվայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհը պատրաստ է ուղղելու Լոռու մարզի դպրոցներում, մանկապարտեզներում, մշակութային օջախներում և մարզադպրոցներում՝ էներգաարդյունավետության ծրագրեր իրականացնելուն՝ մասնավորապես արևային պանելների տեղադրմանը:
Մարզի ղեկավարն իր խոսքում ընդգծել է մարզի կրթօջախների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար նման կարևոր ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով հատկապես դրանց սոցիալական և բնապահպանական ուղղվածությունը: Նա վստահեցրել է, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները հանգամանորեն կաշխատեն դեսպանատան հետ՝ ծրագրային փաթեթները պատշաճ կերպով մշակելու և ժամանակին ներկայացնելու ուղղությամբ:
Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն տեղեկացրել է նաև, որ ծրագրային առաջարկություններ ունեն նաև հասարակական կազմակերպությունների համար:
Մարզի ղեկավարի առաջարկությամբ Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպությունների խորհուրդը ակտիվորեն կներգրավվի նաև այս գործընթացում՝ ի շահ Լոռու մարզի զարգացման:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38